Մեկնաբանություն

22.10.2014 11:45


Ապոկալիպսիսի ձիավորները

Ապոկալիպսիսի ձիավորները

Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը, թե «օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն», առաջացրեց հերթական «համացանցային ժպիտը»։ Բնականաբար, դառը ժպիտը։

Հայաստանի գործող իշխանությունը հասավ այն բանին, որ նրա ցանկացած հայտարարություն դիտվում է որպես բոթի նախազգուշացում։

Հայտարարում են, թե պետք է դատարկվող Հայաստանում խթանել ծնելիությունը, ու կրճատում են հղիներին հատկացվող նպաստը։

Խոսում են տնտեսական ձեռքբերումների և տնտեսական ճգնաժամը շրջանցելու մասին ու արձանագրում աշխարհում ամենամեծ տնտեսական անկումներից մեկը։

Ընդգծում են օրենքի գերակայության խիստ կարևորությունն ու Սուրիկ Խաչատրյանին վերանշանակում մարզպետ...

Ոնց որ «ապոկալիպսիսի ձիավորները» լինեն։ Հետո էլ զարմանում են, թե գաղջ է ամեն ինչ։

Հիմա էլ հայտարարում են «մարդակենտրոն» Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին։ Ինչ է նշանակում մարդակենտրոնությունը Հայաստանի գործող իշխանության պարագայում՝ դժվար չէ հասկանալ։ Վախենալու է դառնում։

Այնպես որ, ՀՀ քաղաքացիների առնվազն 80 տոկոսի պահանջով ընդդիմադիր «եռյակի» նախաձեռնած գործընթացը չհաջողվելու այլընտրանք չունի։ Հակառակ դեպքում կլինեն այն սև օրերը, որոնց գալուստը գուժում են իշխանության այսօրվա հայտարարությունները։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը