Լրահոս

22.10.2014 15:11


Հայաստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կրկեսային կոլեկտիվները մտադիր են միավորել իրենց հյուրախաղային համակարգը

Հայաստանի և նախկին ԽՍՀՄ այլ երկրների կրկեսային կոլեկտիվները մտադիր են միավորել իրենց հյուրախաղային համակարգը

Հյուրախաղերի միասնական պլանավորումը թույլ կտա ակտիվացնել կրկեսային գործիչների համագործակցությունը, ինչպես նաև՝ մի շարք առումներով կրճատել ծախսերը, թարմացնել և մշակել կրկեսային նոր ծրագրեր («համարներ», որոնք, հեղինակային իրավունքի պահպանմամբ կարող են ցուցադրել նաև այլ կրկեսային խմբեր):

Միասնական հյուրախաղային համակարգ ձևավորելու վերաբերյալ առաջարկությունը, որ արել է Հայաստանի կրկեսային գործիչների միության նախագահ, Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը, քննարկվել և հավանության է արժանացել Մոսկվայում տեղի ունեցած «Կրկես՝ առանց սահմանների» խորագրով միջազգային գիտաժողովում, որին մասնակցում էին կրկեսային արվեստի աշխարհի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Հետխորհրդային երկրների կրկեսային գործիչները հեռանկարում մտադիր են ուսումնասիրել և քննարկել մանրամասները, որոնց միջոցով ձևավորվելու է միասնական հյուրախաղային համակարգը: Հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ այդ համակարգում ներգրավվեն Եվրոպայի, Ասիայի և ԱՄՆ-ի կրկեսների ներկայացուցիչները:

Կրկեսի անբաժանելի մասն են փառատոնները, որոնց մասնակցելու համար արտիստները մտածում են նոր հնարքներ, ծրագրեր, աշխատում են և հասնում վարպետության բարձրագույն աստիճանի: Երևանի կրկեսի ղեկավար Սոս Պետրոսյանը առաջարկել է Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպել միջազգային կրկեսային փառատոն: Այս մտահղացմանն արդեն իր աջակցությունն է հայտնել Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության գլխավոր տնօրեն Վադիմ Գագլոևը: Փառատոնի անցկացման համար Միջազգային կրկեսային գործիչների ասոցիացիային հարցում է ուղարկվելու: Առաջին փառատոնը կարող է տեղի ունենալ 2016 թվականին: Մինչ այդ արդեն շահագործման հանձնված կլինի Երևանի կրկեսի նոր շենքը, որի տեխնիկական հագեցվածությունը միջազգային մակարդակի նման փառատոն անցկացնելու հնարավորություն կընձեռի:

Այս խորագրի վերջին նյութերը