Կարծիք

23.10.2014 12:23


Մերի Մովսիսյան. ««Եռյակը» դանդաղ, բայց արդյունավետ ու առանց ցնցումների երկիրը տանում է ամբողջական իշխանափոխության»

Մերի Մովսիսյան. ««Եռյակը» դանդաղ, բայց արդյունավետ ու առանց ցնցումների երկիրը տանում է ամբողջական իշխանափոխության»

Վաղը տեղի կունենա «եռյակի» թվով երկրորդ, իսկ իրականում՝ երրորդ հանրահավաքը։ Առաջին հանրահավաքը, ցավոք կամ բարեբախտաբար, տեղի չի ունեցել, սակայն այն անցկացնելու միայն մտադրությունից ավելի քան զգալի արդյունք է գրանցվել։ Այն է՝ Տիգրան Սարգսյանի «հրաժարականը»։
Երկրորդ հանրահավաքը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, ստիպեց Սերժ Սարգսյանին հետաձգել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գործընթացը։
Հիմա ի՞նչ է սա նշանակում գործնականում։ Սկսենք Տիգրան Սարգսյանի «հրաժարականից»։ «Օֆշոր» վարչապետի «հրաժարականով» Սերժ Սարգսյանը զրկվեց նեոբոլշևիկյան քաղաքականության իրականացման ամենակարևոր «գործիքից»։ Եկեք համաձայնենք, որ Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյան չէ։ Սա, իհարկե, ոչ մի կերպ չի արդարացնում ներկայիս վարչապետին, առավել ևս, որ նա հրաժարվել է գնահատական տալ նախորդ Կառավարության գործունեությանը։ Դա իր ընտրությունն է, հետևաբար ինքն էլ թող մտածի։ Երկրորդ՝ մեկ օլիգարխի տնտեսության կառուցման վերջնական ակորդը մնաց անավարտ, քանզի նման համակարգի կառուցման գործնական իրավունքը նրան է պատկանել, և այն կարող էր ավարտին հասցնել միայն Տիգրան Սարգսյանը։

Բացի այդ, Տիգրան Սարգսյանի «հրաժարականը» Սերժ Սարգսյանի լրջագույն զիջումներից է, իսկ ոչիշխանական քաղաքական ուժերի՝ լուրջ ձեռքբերումներից մեկը։ Սա պետք է հստակ գիտակցել։ Տիգրան Սարգսյանի «հրաժարականին» հասնելն այս իշխանության ու առկա քաղաքական համակարգի կազմաքանդման առաջին արդյունավետ քայլն է եղել։
Ոչիշխանական ուժերի հաջորդ, արդյունավետությամբ ոչ պակաս քայլը գրանցվեց ամռանը, երբ Սերժ Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը մինչև հոկտեմբեր։ Քաղաքական առումով սա կարելի է գնահատել որպես Սերժ Սարգսյանի անձնական ֆիասկո։ Սերժ Սարգսյանը նպատակ է դնում արագ փոփոխել Սահմանադրությունը, իսկ դա չի ստացվում։ Փոխարենը՝ «եռյակը» փոքրիկ, հավասարակշռված քայլերով, առանց առճակատման գնալու՝ գրանցում է հաջողություններ դեպի վերջնական նպատակ տանող ճանապարհին։
Հասարակությունը պետք է սովորի ու կարողանա ամրագրել նման հաջողությունները, ժողովուրդը պետք է կարողանա զգալ նաև գրանցված հաջողությունները։ Դա է պատճառը, որ «եռյակը» ոչ մեկ անգամ է շեշտում ժողովրդի մասնակցության կարևորությունը երկրի քաղաքական կյանքում (իրականում՝ նաև տնտեսական, եթե մենք չգտնվեինք այս իրավիճակում։ Այո՛, երբ երկրում հաղթահարվի քաղաքատնտեսական ճգնաժամը, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է մասնակցի ու իր ներդրումն ունենա երկրի տնտեսական զարգացմանը), հասարակության լայն շերտերի ամբողջական համախմբման կարևորությունը։
«Եռյակը» դանդաղ, բայց արդյունավետ ու առանց ցնցումների՝ երկիրը տանում է ամբողջական իշխանափոխության (ժողովրդի վրայով քայլելն էլ 2008 թվականի մարտից իշխանությունների սերելի զբաղմունքն է)։
Հոկտեմբերի 10-ից հետո «եռյակը» գրանցեց ևս մեկ զգալի հաղթանակ՝ այդպիսով ավելի հեռացնելով իշխանությանն իր դրած նպատակից։
Հերթական համապետական հանրահավաքը տեղի է ունենալու վաղը՝ հոկտեմբերի 24-ին։ Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր համար պետք է որոշի՝ գնա՞լ Ազատության հրապարակ և տեր կանգնել գրանցված հաղթանակներին, թե՞ ոչ: Ի դեպ, տեր կանգնել նաև Արցախյան պատերազմում գրանցված մեր հաղթանակին, քանզի այսօր այս իշխանությունների քաղաքականության հետևանքով զգալի հարված է հասցվել երկու հայկական պետությունների ազգային անվտանգությանը։ Հետևաբար, դրա միակ լուծումն ամբողջական իշխանափոխությունն է, որին պետք է հասնել լայն համախմբման և համազգային մոբիլիզացիայի միջոցով։
Հ. Գ. «Մուսա լեռան 40 օրը», կարծում եմ, շատերն են կարդացել, կամ գոնե ծանոթ են բովանդակությանը։ Բոլոր նրանք, ովքեր հավատացին Բագրատյանին, և գնացին նրա հետևից, փրկվեցին, իսկ բոլոր նրանք, ովքեր հավատացին անադեկվատ, իրականությունից կտրված ու ոչինչ չառաջարկող քահանային, իրենց վերջին հանգրվանը գտան Դեյր–էզ–Զորի անապատներում։ Հետևությունները թողնում եմ ընթերցողներին։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը