Հարցազրույց

23.10.2014 13:55


Երվանդ Բոզոյան. «Ընդդիմությունը պետք է կարողանա համախմբել հասարակական դժգոհությունը»

Երվանդ Բոզոյան. «Ընդդիմությունը պետք է կարողանա համախմբել հասարակական դժգոհությունը»

NewsBook-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
- Պարոն Բոզոյան, վերլուծաբանների կարծիքով, Եռյակի` վաղը կայանալիք հանրահավաքի մեխը լինելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ծրագրային ելույթը: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:

- Այո, անկասկած: Վաղվա հանրահավաքի մեխն, իսկապես Գագիկ Ծառուկյանի ելույթն է լինելու: Բոլորը սպասում են այդ ելույթին, քանի որ խոստացվել է, որ այն ծրագրային է լինելու: Վաղն է երևալու, թե ի՞նչ ճանապարհով են գնալու հետագա գործընթացները, և ի՞նչ է սպասվելու հասարակությանը:

- Ընդդիմությունը մոտ 2 շաբաթ «թայմ-աութ» վերցրեց` իշխանությունից մեսիջներ վերցնելու կամ իշխանությանը մեսիջներ փոխանցելու համար: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ մեսիջներ ուղարկեց և ստացավ Եռյակն այս ընթացքում:

- Իշխանությունից ստացված գլխավոր մեսիջն այն էր, որ Սերժ Սարգսյանն առժամանակ հետաձգեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ստորագրումը: Կարծում եմ` նա այս քայլին գնաց հոկտեմբերի 10-ի հանրահավաքի դետալները դիտարկելով: Կարծում եմ նաև, որ ընդդիմությունը չպետք է թուլացնի իր դիրքերը, քանի որ իշխանությունը կարողանում է ժամանակ ձգել և կազմալուծել տարատեսակ շարժումները: Ընդհանուր առմամբ, իմ համոզմամբ, իշխանությունը մի քանի ամսով «թայմ-աութ» է վերցնում` հանգստացնելու և թուլացնելու ընդդիմության զգոնությունը: Հատկապես առջևում Նոր տարի է, և իշխանությունը հույս ունի, որ ընդդիմության զգոնությունը թուլացնելուց հետո կկարողանա փորք առ փոքր մարդկանց հիասթափեցնել պայքարի գործընթացից` ի վերջո վավերացնելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:

- Ունի՞ արդյոք ընդդիմությունը համապատասխան ռեսուրսներ և ժամանակ` վաղվա հանարահավաքից հետո ևս մեկ անգամ «թայմ-աութ» վերցնելու համար:

- Ընդդիմությունը, միանշանակ, ժամանակ չունի, որովհետև եթե Եռյակն իշխանություններին ժամանակ տա, ժողովուրդը կհիասթափվի: Իսկ ընդդիմությունն այսօր չպետք է թույլ տալ, որ հասարակությունը հիասթափվի իրենից: Ընդդիմությունը պետք է կարողանա համախմբել հասարակական դժգոհությունը, մինչդեռ առայժմ դժգոհ տրամադրությունները կազմակերպչական ընդհանուր ձև չեն ստացել: Այսինքն` մարդիկ կարող են դժգոհել, հավաքվել Ազատության հրապարակում, իսկ հետո կրկին իրենց տները վերադառնալ: Մեկ խոսքով` հասարակության դժգոհությունն առարկայական չէ: Այլ կերպ էր ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեները, կարծես, զուգահեռ իշխանություններ լինեին: Ժողովրդի հոգսերն ու խնդիրներն այն տարիներին լուծում էին ոչ թե գյուղսովետներն ու քաղսովետները, այլ «Ղարաբաղ» կոմիտեի տեղական մարմինները: Եթե հիմա շարժումը կարողանա ամբողջ երկրով մեկ կառույցներ ստեղծել և դրանց միջոցով զուգահեռ իշխանություն ձևավորել, ապա իշխանությանը հնարավոր կլինի շատ քայլեր ստիպել:

Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Այս խորագրի վերջին նյութերը