Լրահոս

24.10.2014 12:33


Արամ Մանուկյան. «Հանրահավաքին հիասթափություն չի լինի»

Արամ Մանուկյան. «Հանրահավաքին հիասթափություն չի լինի»

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ չի կարծում՝ ժողովրդի մեջ կա մի շերտ, որ իշխանափոխություն չի ուզում։

–Այսօրվա հանրահավաքին լինելու են նաև լրիվ նոր մարդիկ, ոչ քաղաքական մարդիկ, որոնք, ինչպես հիվանդն է զգում վերջին շունչը փչելիս, որ ինչ–որ բան անհապաղ պետք է ձեռնարկել, այնպես էլ նրանք են զգում։ Մարդիկ կարող են չսիրել հարթակում կանգնած լիդերներին, բայց փոփոխության անհրաժեշտությունը զգում են։ Գնում ենք հանրահավաքի ըմբոստ փոփոխությունների ֆոնին։ Զգում եմ նաև մեր պատասխանատվության չափը։

Ա. Մանուկյանը հավելել է, որ հրապարակում հավաքված բազմության պահանջարկը լինելու է ավելի ագրեսիվ, մաքսիմալիստական, քան կարող են լինել հարթակում կանգնածների հաշվարկները։

–Սոցիալական, հասարակական, քաղաքական պատվերն ավելի շատ է, քան մենք կարծում ենք. ուղղակի այդ ճիշտ էներգիան պետք է օգտագործել արդյունավետ, որ արդյունքը լինի առանց բախումների։ Ժողովրդի պահանջը, էներգիան այս անգամ ավելի շատ են, քան մեր պատկերացումները։ Ժողովուրդն իշխանափոխության անհրաժեշտություն է տեսնում, բայց շատ կարևոր է, որ չլինեն արյունահեղություն, բախում և հիասթափություն։ Հանրահավաքին հիասթափություն չի լինի։ Ներդաշնակ են լինելու ժողովրդի պահանջները և լիդերների պահանջները։

Ա. Մանուկյանը նշել է, որ իրենք շատ լավ գիտակցում են՝ ձգձգելը կարող է բերել հիասթափության, բայց նաև զգում են հրապարակում կանգնած ժողովրդի անվտանգության և այս շարժումը հաղթական ավարտին հասցնելու պատասխանատվությունը։

–Իշխանությունը ներքին և արտաքին ռեսուրս չունի նոր մարտի 1–ի համար։ Ներսում մնացել են միայն լեզվանիները, դրսի համար էլ ամենաանլուրջ գործընկերն է Սերժ Սարգսյանը։ Եվ մենք նախորդ փորձից շատ լավ գիտենք, որ իշխանությունը ժամանակի մեջ շատ լավ կարողանում է կողմնորոշվել։ Այնպես որ, շատ երկար ժամանակ չի կարող ձգվել։ Պարզապես պետք է շարժումը գրագետ, առանց ցնցումների տեղ հասցնել,–նշել է Ա. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը