26.10.2014 12:05


Էդվարդ Անտինյան. Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց աշխատանքային պլանը

Էդվարդ Անտինյան. Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց աշխատանքային պլանը

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին դեռ շատ կխոսվի, բայց փորձեմ մի քանի դիտարկում անել:

Նախ. Գագիկ Ծառուկյանի սպասված ելույթը, կարծում եմ, հանրությանը հուսախաբ չարեց, և այն ինչ կցանկանային լսել նրա բերանից՝ լսեցին: Որ ԲՀԿ առաջնորդը հետքայլ չի անելու, որ թեպետ դեմ է մայդանին, բայց վճռական է մեր երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում հասարակական ճնշում գործադրելու իշխանությունների վրա և հասնել անարյուն իշխանափոխության:

Կարևոր է նաև, որ անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար երկրի ողջ տարածքում ստեղծվելու են համաժողովրդական շարժման համատեղ կառույցներ՝ շտաբներ, որոնք ամենօրյա ռեժիմով աշխատանք կտանեն հանրության հետ տեղերում: Սա նույնպես խոսում է այն մասին, որ հախուռն, չպլանավորված քայլեր չեն լինելու։ Իսկ սա չափազանց կարևոր է մեր բարդ տարածաշրջանի ու չավարտված պատերազմի պարագայում:

Ամեն օր Հայաստանի ու մեր ժողովրդի վիճակը վատանում է, այս իշխանությունները վտանգ են մեր երկրի անվտանգության համար, բայց որքան էլ Սերժ Սարգսյանի վարչակազմի հեռացումն օրախնդիր է, ցանկություն չկա դրան հասնել երկիրը ցնցումների մեջ գցելու ճանապարհով, ինչն իրենց չեն պատրաստվում թույլ տալ շարժման պատասխանատվությունը ստանձնած ուժերն, ու դա հստակ երևաց Գագիկ Ծառուկյանի ելույթից:

Երեկվա հանրահավաքը, որն իշխանափոխության գործընացի սկիզբն էր ազդարարելու՝ Ծառուկյանի ծրագրային ելույթով ու «ճանապարհային քարտեզի» հրապարակման ենթակա մասի ներկայացնամբ, ցույց տվեց, որ այս ոչընտրական փուլում այսպիսի նախընտրական ոգևորությունը հենց ապացույցն է այն բանի, որ հանրությունը հավատում է հաղթանակին:

Ազատության հրապարակում, նաև երկրում տիրող մթնոլորտը վկայում է, որ մարդիկ ոգևորված են, պայքարի պատրաստ, ու միևնույն ժամանակ հավատում են քաղաքական առաջնորդներին, այդ իսկ պատճառով, որքան էլ անհամբեր լինեն՝ օր առաջ հաղթանակի հասնելու հարցում, այնուամենայնիվ, շարժվում են առաջարկվող տեմպով: Ասել է թե՝ մենք գործ ունենք պայքարի պատրաստ կազմակերպված ուժի հետ:

Կարծում եմ, որ հետագա զարգացումները ցույց կտան, որ օր օրի կավելանա հասարակական վստահությունը և այս անգամ հնարավոր կլինի հասնել հաջողության:

Այնպես որ իշխանության ներկայացուցիչների փորձերը հարթակին կանգնած ուժերի տեսակետների միջև տարաձայնությունները մատնացույց անել՝ անօգուտ զբաղմունք է, քանի որ հիմա մոտեցումների ընդհանրություններն են միավորել՝ իշխանափոխության անհրաժեշտությունը գիտակցելն է համախմբել բոլորին, իսկ դա վեր է ցանկացած անձնական ամբիցիայից ու կուսակցական շահից:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203215982622900

Այս խորագրի վերջին նյութերը