Մեկնաբանություն

26.10.2014 18:40


Իշխանափոխության փուլային ու փաթեթային տարբերակները (տեսանյութ)

Իշխանափոխության փուլային ու փաթեթային տարբերակները (տեսանյութ)

Հոկտեմբերի 24–ի հանրահավաքը մի շարք հարցերի պատասխան տվեց։ Այն կարելի է շրջադարձային համարել հնչեցված «մեսիջների» ու հետագա քայլերի հստակեցման առումներով։

«Խաղերի տեսության» փուչիկը վերջնականապես պայթեցվեց

Փուչիկի պես պայթեցվեց այն թեզը, թե, իբր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որևէ պարագայում չի գնա իշխանությունների դեմ, և չի մտնի իշխանափոխության գործընթաց, քանզի խոշոր սեփականատեր է։

Նախ՝ նկատենք, որ Ծառուկյանը վաղուց է դուրս եկել այս իշխանությունների դեմ։ Ֆորմալ առումով դրա սկիզբը 2012թ. ԱԺ ընտրություններից հետո էր, երբ ԲՀԿ–ն լքեց իշխող կոալիցիան։ Իրականում Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի ճանապարհները բաժանվել են շատ ավելի շուտ։

Այժմ արդեն հանրության ավելի լայն շերտերի համար են տեսանելի այն հակասությունները, որոնք կան բիզնեսի բոլոր շերտերի և հանրության լայն զանգվածների շահերը ներկայացնող ԲՀԿ–ի ու իշխող նեղ թիմի միջև։

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե, իբր, սա խաղ է, այլապես Ծառուկյանին իշխանություններն անմիջապես կճնշեին, ապա պետք է նշել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե չի ուզում, այլ չի կարող ճնշել ԲՀԿ–ին, քանզի շատ լավ գիտի, որ այնպիսի հակահարված կստանա, որ քիչ չի թվա։

Երկբևեռ քաղաքական դաշտում ուժերի հաշվեկշիռն այսօր այնպիսին է, որ «եռյակը» և հանրության ճնշող մեծամասնությունն այնքան չեն հզորացել, որ հենց այս պահին իշխանափոխություն պարտադրեն, բայց այնքան թույլ չեն, որ Սերժ Սարգսյանը կարողանա սեփականություն խլել Ծառուկյանից կամ ճնշել «եռյակին»։

Սահմանադրական փոփոխությունները «եռյակն» ուղարկեց գրողի ծոցը

Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10–ի հանրահավաքից հետո ռիսկ չարեց ազդարարել սահմանադրական փոփոխությունների մեկնարկի մասին։ Նա իր խոսնակի շուրթերով հանրությանը և քաղաքական ուժերին փոխանցեց, որ ուզում է հասնել ավելի մեծ քաղաքական կոնսոլիդացիայի՝ կամա թե ակամա խոստովանելով, որ այս պահին չունի բավարար քաղաքական ռեսուրս սեփական վերարտադրության ծրագիրը կյանքի կոչելու համար։

Պարզ է, որ Սարգսյանը «քաղաքական ավելի մեծ կոնսոլիդացիայի» տակ հասկանում է «եռյակից» մաս պոկելը (ՀՅԴ վերնախավի սերժամետ կողմնորոշումը փաստացի որևէ օգուտ չբերեց իշխանություններին) կամ էլ ընդդիմության ուժերը ջլատելը։

ՀԱԿ–ն ու «Ժառանգությունն» այդ կուսակցությունների առաջին դեմքերի մակարդակով բազմիցս հայտարարել էին, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին։

Դեմ էին արտահայտվել նաև ԲՀԿ–ի ներկայացուցիչները, սակայն սպասվում էր նաև Ծառուկյանի խոսքը։ Հանրահավաքի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ հստակ հնչեց նաև այդ խոսքը։ Ծառուկյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին՝ դա համարելով Սերժ Սարգսյանի վերարտադրության ծրագիր, որի իրագործումից Հայաստանի վիճակն է՛լ ավելի է վատանալու։ ԲՀԿ առաջնորդն, ընդհակառակը, առաջ քաշեց նոր որակի իշխանության ձևավորման անհրաժեշտության հարցը։

Այսպիսով, սերժսարգսյանական «քաղաքական լայն կոնսոլիդացիա» ծրագիրն արդեն տապալված կարելի է համարել, քանզի հիմնական քաղաքական ուժերը դեմ են արտահայտվել դրան։ Հո «Մովսես Խորենացու» մեդալ ստացածների հետ չի՞ կոնսոլիդացվելու «Վերջի բոլշևիկը»։

Իշխանափոխության տարբերակները

Հոկտեմբերի 24–ի հանրահավաքի մյուս կարևոր «մեսիջն» այն էր, որ ներկայացվեցին իշխանափոխության հասնելու ճանապարհային քարտեզն ու արվելիք քայլերը, ինչպես նաև այն ակնկալիքները, որոնք ունի ընդդիմությունն այս պայքարից։

Ծառուկյանն իր ելույթում ներկայացրեց իշխանափոխության փուլային ու փաթեթային տարբերակները։

Փուլայինով նախատեսվում են մեծամասնական ընտրակարգը բացառող նոր Ընտրական օրենսգրքի ընդունում, հանրությանը հուզող հրատապ խնդիրների լուծում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Սա կարող ենք համարել ծրագիր–մինիմում, որին արդեն կհաջորդի Սերժ Սարգսյանին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը։

«Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից և համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի և ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:

Իսկ մինչ այդ, հաշվի առնելով ժողովրդի օրհասական վիճակը և գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը՝ ռացիոնալ քննարկումների դաշտում հստակ ժամանակացույցով լուծել այդ խնդիրները:

Սա՛ է այս իրավիճակից դուրս գալու գրագետ, օպտիմալ ճանապարհը»,– փուլային իշխանափոխության իր մոտեցումները հստակեցրեց Ծառուկյանը։

Փաթեթային տարբերակի դեպքում արդեն այլ սցենար է գործելու։

«Եթե իշխանությունը շարունակի անտեսել և մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք` երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով և առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում և հրապարակներում կանգնած հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում և արտահերթ ընտրություններ»,– նշեց Ծառուկյանը։

Ինքնին հասկանալի է, որ փաթեթայինի դեպքում արտահերթ ընտրությունները նախ և առաջ վերաբերելու են նախագահական ընտրություններին։

Թե որ տարբերակին կկարողանա հասնել ընդդիմությունը, կախված է այն աշխատանքից, որը պետք է տանել հանրության հետ։ Դրան մեծապես պետք է նպաստի ողջ Հայաստանով համաժողովրդական շարժման շտաբների ձևավորումը և զուգահեռաբար՝ իշխանական բուրգի կազմալուծման գործընթացի կազմակերպումը։

Որքան արագ այս խնդիրները լուծվեն, այնքան արագ տեղի կունենա իշխանափոխությունը, լինի այն փուլային, թե փաթեթային տարբերակով։

«Միացում» կարգախոսը պատահական չէ ընտրված։ Միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել հաջողության, երբ բոլորը վարակված լինեն փոփոխությունների գաղափարով, և ակտիվորեն աջակցեն դրան։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Կից տեսանյութում ներկայացված է հոկտեմբերի 24–ի հանրահավաքի մասին պատմող ռեպորտաժը։

Այս խորագրի վերջին նյութերը