Հարցազրույց

27.10.2014 11:40


Կանանց իրավունքների պաշտպան. «Հնարավոր չէ այս իշխանություններից գոհ լինել»

Կանանց իրավունքների պաշտպան. «Հնարավոր չէ այս իշխանություններից գոհ լինել»

Հարցազրույց «Հասարակություն՝ առանց բռնության» ՀԿ–ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանի հետ

–Այսօր խորհրդարանի մոտ ընդդեմ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու՝ բողոքի գործողություն եք իրականացնելու։ Բայց, փաստորեն, և՛ Կառավարությունն է ՀՀԿ–ինը, ով հեղինակել է այս օրինագիծը, և՛ ԱԺ–ում է ՀՀԿ–ն մեծամասնություն, ով պետք է ընդունի այդ փոփոխությունները։ Հետևաբար, ի՞նչ ակնկալիքներ ունեք, որ ՀՀԿ–ն այդ օրինագիծը չի ընդունի՝ հաշվի առնելով ձեր բողոքը։

–Մենք մեծ ակնկալիք ունենք, որ մեր բողոքի ակցիաները և մեր ելույթները տեղ են հասնելու, ու մեր ուզած փոփոխություններին են բերելու, որովհետև օրինագծում առկա որոշ խնդրահարույց կետեր, որոնք մենք պահանջում ենք հանել օրինագծից, պարզապես ՀՀ Սահմանադրությանը և միջազգային իրավունքի մի շարք նորմերի հակասում են։

–Նախկինում տեսել ենք, որ գործող իշխանությունները եթե ուժի, բողոքի մեծ ալիքի չեն հանդիպում, ապա անում են իրենց ուզածը։ Հիշենք թեկուզ պարտադիր կուտակային կենսաթոշակների հետ կապված դեպքը, երբ հենց Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80%–ը դեմ է այդ օրինագծին, բայց, միևնույն է, իրենք դա անցկացնելու են։

–Ասեմ, որ 4 տարի առաջ նույնպես նմանատիպ խնդիր է եղել. այն ժամանակ մեկ խնդրահարույց կետ կար, և դարձյալ կանայք ոտքի էին ելել, արդեն ճանապարհներ էին փակում, և, ի վերջո, 4 տարի առաջ հասանք հաջողության. այդ խնդրահարույց կետը տեղ չգտավ օրինագծում։ Այնպես որ, այդ դրական փորձը, որ մենք ունեցել ենք 4 տարի առաջ, մեզ թույլ է տալիս մտածելու, որ այս անգամ ևս հաջողության կհասնենք։ Նամանավանդ որ այս անգամ այդ կետերը շատ ավելի են հակասում ՀՀ Սահմանադրությանը և միջազգային իրավունքին։ Այսինքն, այս անգամ մեր շանսերը ու հնարավորությունները շատ ավելի մեծ են։

–Ինչո՞ւ գործող իշխանությունը հենց այս պահին, երբ բոլոր ոլորտներում հանրային դժգոհություն կա, նախաձեռնեց աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափը կրճատելու օրինագիծը։

–Թեև իրենք ասում են, որ բյուջեում փող չկա, այդ պատճառով են այս փոփոխությունն անում, բայց տվյալ օրինագիծը ենթադրում է ավելի շատ ֆինանսական միջոցների վեր հանում բյուջեից և բաշխում մայրերին. ուղղակի դրանց մեծ մասը, փաստորեն, արվում է աշխատող կանանց հաշվին։ Այսինքն, իրենք իրենց հակասում են. մի կողմից ասում են, որ բյուջեում ճեղքվածք է, և համապատասխան միջոցներ չկան, բայց մյուս կողմից հավելյալ միջոցներ պետք է բյուջեից վերցնեն, որպեսզի չաշխատող մայրերին այդ նպաստները տան։ Իրենց ասելով՝ նպատակն այն է, որ չաշխատող մայրերին ևս նպաստ տան, բայց մենք ուղղակի չենք հասկանում՝ ինչո՞ւ դա պետք է արվի աշխատող մայրերի հաշվին, այլ ոչ թե այդ գումարի գոյացման այլ մեխանիզմներ ներդրվեն։

–Ավելի ընդհանրական հարց տամ։ Հայաստանյան գործող իշխանությունների գործելաոճից, ընդհանուր առմամբ, գո՞հ եք, և արդյոք իշխանության փոփոխության, նոր իշխանությունների ձևավորման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

–Բնականաբար, հնարավոր չէ այս իշխանություններից գոհ լինել առաջին հերթին թեկուզ նրա համար, որ լեգիտիմ իշխանություն չունենք. չունենք ՀՀ քաղաքացիների կողմից ընտրված իշխանություն։ Կարծում եմ, որ նման հարցերը կարող են բարձրացվել ցանկացած պարագայում, այսինքն՝ սա նորմալ քաղաքացիական գործընթաց է, երբ որոշակի իրողությունից մենք դժգոհում ենք։ Ուղղակի աբսուրդայինն այն է, որ ներկա իշխանությունները գնալով ավելի ու ավելի են իրենց համապատասխան, այսինքն՝ աբսուրդային, օրինագծեր ընդունում և այնուհետև դրանք կյանքի կոչում։ Խնդիրն այն է, որ, փաստորեն, իրենք գնալով ավելի ու ավելի են մեծացնում ՀՀ քաղաքացու հարկային բեռը, և ավելի սուղ դարձնում այն միջոցները, որոնք ՀՀ քաղաքացին իրավասու է ստանալ օրենքներին համապատասխան, բայց մեր պետությունը խլում է նույնիսկ օրենքով նրան հասանելիքը, տվյալ դեպքում՝ կանանցից։

–Այսինքն, իշխանափոխության անհրաժեշտություն տեսնո՛ւմ եք։

–Գիտեք, ես՝ որպես ակտիվիստ, բնականաբար, տեսնում եմ, բայց այս խնդրի հետ կապված՝ մենք մեր հստակ պահանջն ունենք, որ կոնկրետ այս օրինագծից այդ խնդրահարույց կետերը հանվեն։ Այսինքն, ավելի լոկալ, շատ ավելի սպեցիֆիկ է մեր պահանջը, բայց, բնականաբար, որպես քաղաքացիական հասարակության անդամ՝ չենք կարող մենք այս իշխանություններից գոհ լինել կամ որևիցե կերպ չպայքարել դրանց դեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը