Մեկնաբանություն

27.10.2014 12:05


«Նստե՞լ», թե՞ «չնստել»

«Նստե՞լ», թե՞ «չնստել»

Հոկտեմբերի 24–ի հանրահավաքին նախորդած և հաջորդած քննարկումների մեջ առանձնանում է շուրջօրյա ակցիաների՝ նստացույցի կետը։

Մարդկանց մի մասը կարծում է, որ պետք է անցնել շուրջօրյայի, իսկ մյուս մասը մտածում է, որ դրա կարիքն այս պահին չկա, քանզի հանրահավաքային շարքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակում հաջողվել է ձևավորել ուժի կենտրոն, որը մշտական գործոնի է վերածվել։

Ճշմարտությունը, ինչպես միշտ, մեջտեղում է։ Շուրջօրյա ակցիաները, բնականաբար, կարևոր մարտավարական քայլերից են, սակայն դրանք միջոց են, ոչ թե նպատակ կամ, առավել ևս, ինքնանպատակ։

Նստացույցի պետք է գնալ այն պահին, երբ դա արդյունավետ կլինի և կդառնա ընդհանուր շղթայի կարևոր օղակներից մեկը։ Իսկ եթե արվի նստացույց, բայց արդյունք չարձանագրվի, ապա մարդկանց հիասթափությունն ավելի մեծ կլինի, քան այն դեպքում, երբ նստացույցի ցանկությունը չբավարարվի։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ համաժողովրդական շարժման նպատակը հաղթանակն է։ Այլ տարբերակ չկա։ Հետևաբար, պետք է հաշվարկված և կշռադատված քայլերով գնալ դեպի այդ հաղթանակը։

Եթե մարտավարական առումով հարթակում կան մոտեցումների տարբերություններ, ապա սխալ է այդ դեպքում «վա բանկ» գնալը։

Ռազմավարական, այն է՝ իշխանափոխության հասնելու հարցում, «եռյակում» միակարծիք են։ Այդ միակարծությանը պետք է տալ առարկայական տեսք ու հզորացնել շարժումն այնպես, որ այն մշտապես գործող գլխացավանքի աղբյուր դառնա իշխանությունների համար։ Սա՛ է անցնցում իշխանափոխության ճանապարհը։

Հենց այդ նպատակով էլ Գագիկ Ծառուկյանն առաջարկեց ամբողջ Հայաստանով մեկ շարժման կառույցներ՝ շտաբներ ստեղծել։ Դա նախ թույլ կտա ավելի մոբիլիզացնել հանրությանը, և, բացի այդ, իշխանությանը զուգահեռ՝ կառույցներ ձևավորել։

Այնպես որ, պայքարի ամեն մի գործիք էլ կարող է կիրառվել, բայց՝ ճիշտ պահին ու ճիշտ մեխանիզմներով։

Իշխանափոխությունն աշխատանք է՝ քրտնաջան աշխատանք, և արդյունքի է հասնում այն ուժը, որը գրագետ քաղաքական մենեջմենթ է կիրառում, այլ ոչ թե հախուռն գրոհ և հուսահատ հարձակում։

Ինչ վերաբերում է իշխանափոխության ժամկետներին, ապա ամեն ինչ կախված է մեզանից։ Որքան արագ ու արդյունավետ գործենք, այնքան շուտ տեղի կունենա իշխանափոխությունը։ Եվ ուրեմն, ի գործ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը