Քաղաքական

28.10.2014 13:11


Արամ Հարությունյան. «Թագուհու գամբիտից արքայական գամբիտ»

Արամ Հարությունյան. «Թագուհու գամբիտից արքայական գամբիտ»

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ իրավիճակը թագուհու գամբիտից հասել է արքայական գամբիտի։

–Նախկինում ասում էինք, որ Սերժ Սարգսյանը ստիպված զոհաբերելու է թագուհուն, այսինքն՝ Տիգրան Սարգսյանին, և տեսանք, որ տանուլ տվեց շախմատային այդ պարտիան, ու հիմա գնում է այլ զոհաբերությունների. հոկտեմբերի 10–ի հանրահավաքից հետո հետաձգեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Արքայական գամբիտն էլ այն է, որ արքային պաշտպանող զինվորներն են առաջ մղվում. տեսնում ենք, որ հանրապետականների պադվալում ջուր է լցվել. այն մարդիկ, ովքեր ՀԱԿ–ից են փախել, վերադաստիարակվել են ուղղիչ աշխատանքային գաղութում, մի մասը պատգամավոր է դարձել, հիմա նոր տեր է գտել՝ ի դեմս Սերժ Սարգսյանի,–ասել է Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ նրանք մրցման մեջ են մտել, թե ով ավելի շատ կծառայի Սերժ Սարգսյանին և կստանա Մ. Խորենացու ողբի մրցանակը։

Նա ընդգծել է, որ նրանցից, օրինակ, Արամ Սարգսյանը, չխորշեց հարցազրույց տալ անգամ Եռաբլուրում։

–Արամ Սարգսյանն իր եղբոր ազատությունը ստացավ Լևոն Տեր–Պետրոսյանի կողքից գնալով։ Ռոբերտ Քոչարյանից էլ ստացավ վարչապետի աթոռը եղբոր սպանությունից մի քանի օր հետո։ Ու հիմա մարդը Եռաբլուրում հարցազրույց է տալիս։ Լավ, գոնե ամաչի Վազգեն Սարգսյանի կիսանդրուց։ Գնում է, մահացած եղբոր կողքին կանգնում, սկսում է հաճախորդություն անել։ Սա արդեն ֆանտազիայից դուրս է,–նշել է Ա. Հարությունյանը։

«Հավաքական ժողգործիքի» կերպարը, նրա համոզմամբ, ավելի քան ակնառու է՝ մարդիկ, ովքեր հանդես են գալիս իբրև թե արևմտամետ դիրքորոշմամբ, պահանջում Պուտինի հրաժարականը՝ մեղադրելով բոլորին՝ բացի Սերժ Սարգսյանից։

–Կամ Արշակ Սադոյանը 1996թ. սեպտեմբերի 25–ի գիշերը փախավ, մի տարի հետո եկավ. թաքնվում էր Թիֆլիսում զոքանչի, թե հարևանի տանը, չգիտեմ՝ խոհանոցում, թե զուգարանում։ Իսկ այսօր խոսում է, քննադատում է ընդդիմությանը, ի՞նչ պատահեց. Տիգրան Սարգսյանի տվածները դեռ չի՞ մաշել։ Ուղղակի անհարմար է,–պատմել է Ա. Հարությունյանը։

Բանախոսն ընդգծել է, որ ոչ ոք չի ասում՝ հարթակում կանգնածները սուրբ են, բայց հիմա նրանք իշխանափոխություն են կատարում, լեգիտիմ իշխանություն ունենալու խնդիրն են լուծում, և նրանց հարվածելը պարզապես պետպատվերի շրջանակներում է տեղավորվում։

–Համարել, թե «բարի քեռին» Ռուսաստանն է կամ ԱՄՆ–ը, սխալ է. չկա՛ այդպիսի բան, կան անձնական շահեր։ ԱՄՆ–ն էլ է երկակի ստանդարտներով առաջնորդվում։ Ռուսաստանի հաշիվներն են սառեցնում, բա Տիգրան Սարգսյանի հաշիվներն ինչո՞ւ չեք սառեցնում, բա ԱՄՆ–ի դեսպանը որ տեսահոլովակներում նկարահանվում է, մտքով չի անցնո՞ւմ՝ ճշտի օֆշորային սկանդալի պատմությունը,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը