Մեկնաբանություն

29.10.2014 10:10


Իշխանության փուչ օրակարգը

Իշխանության փուչ օրակարգը

Դեռ վաղ գարնանից, երբ թափ էր հավաքում ոչիշխանական ուժերի համագործակցությունը, իշխանությունը հայտարարեց, թե ինքն ունի իր քաղաքական օրակարգը, եւ շարժվելու է այդ օրակարգով:

Ուզում էին ասել, որ ոչիշխանական ուժերի ասելով չէ, թե ՀՀԿ–ական մեծամասնությունն ինչպես պետք է կողմնորոշվի՝ որ հարցերն են կարեւոր, եւ որ հարցերն են հրատապ լուծումներ պահանջում:

Ավելին՝ այն խնդիրների մասին, որոնք բարձրաձայնում էին ոչիշխանական ուժերը, իշխանությունը հակադարձում էր, եւ շարունակում է հակադարձել՝ ասելով, թե այդ հարցերն իրենց օրակարգում կան:

Իր ունեցած ու, իբր, հաստատած օրակարգի մասին իշխանությունը խոսում է վաղ գարնանից մինչ օրս, սակայն այդպես էլ չի նշում, թե, ի վերջո, ի՞նչ հարցեր են ընդգրկված այդ «ազգափրկիչ» կետերով հագեցած օրակարգում:

Նշված ժամանակահատվածում մեզ հայտնի են մի քանի խնդիրներ, որոնց ուղղությամբ իշխանությունը «ջանքեր է գործադրել», ու հասել է դրանց «լուծմանը»:

Օրինակ՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, որը, ըստ էության, չստացավ այն լուծումը, ինչն ակնկալում էր ժողովուրդը, մասնավորապես, այդ համակարգի զոհ դարձած հանրային խավը:

Սրան հաջորդեց էլէներգիայի սակագնի բարձրացումը, այնուհետև փողոց դուրս եկան «Շրջանառության հարկի մասին» օրենքից տուժած առեւտրականները:

Այս հարցն էլ, ըստ էության, լուծում չստացավ. օրենքի կիրառումն ընդամենը հետաձգվեց մինչեւ հաջորդ տարվա գարուն:

«Եռյակի» հանրահավաքային պայքարի արդյունքում Սերժ Սարգսյանը ստիպված եղավ մի քանի ամսով հետաձգել նաեւ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու պահը:

Ուրիշ ի՞նչ կար իշխանության օրակարգում:

Դժվարանում ենք հիշել:

Այսինքն, վաղ գարնանից իշխանությունը թմբկահարում է, թե ունի օրակարգ, եւ լուծում է խնդիրները, սակայն իրականում ոչ մի խնդիր չի լուծել:

Չենք խոսում արդեն աղքատության, արտագաղթի ծավալների նվազման, արտաքին ներդրումների ներգրավման կամ տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, քանի որ նման բան չի նկատվել:

Հակառակը՝ նշված ոլորտներում բացասական զարգացումները շարունակվել են:

Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին նույնպես ավելորդ է խոսել: Միայն ավելացել են կոռուպցիայի դեմ պայքարելու նպատակով ստեղծված հանձնաժողովների ու կառույցների թիվը: Արդյունք՝ չիք:

Ուրեմն, կրկնում ենք՝ ի՞նչ օրակարգի մասին է խոսում իշխանությունը, որն, իբր, ձեւավորել է, ու վստահեցնում է, թե լուծում է ժողովրդին հուզող խնդիրները:

Ճշմարտության դեմ, սակայն, չմեղանչելու համար պետք է նկատել, որ այս ընթացքում իշխանությանն, այնուամենայնիվ, հաջողվեց մի բան խոստանալ եւ կատարել այդ խոստումը:

Թեպետ բոլորը պնդում են, որ սիբիրյան ցիկլոնների ազդեցությունն այդպես էլ չզգացին խոստացված ժամանակահատվածում, սակայն արտակարգ իրավիճակների նախարարը վստահեցրեց, որ իրենք կատարել են իրենց խոստումը։

«Մենք կատարել ենք մեր խոստումը եւ 10 ու 20 աստիճան ցրտերը ներմուծել ենք Հայաստան»,– ուրախությամբ հայտարարեց Երիցյանը։

Ահա այսպիսի՛ իշխանական օրակարգ:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը