Հարցազրույց

31.10.2014 15:19


ՀԿ փոխնախագահ . «Իշխանություների հետքայլերը վկայում են խուճապի մասին»

ՀԿ փոխնախագահ . «Իշխանություների հետքայլերը վկայում են խուճապի մասին»

Հարցազրույց «Երիտասարդների կողքին» ՀԿ փոխնախագահ Անահիտ Թումաղայանի հետ

–Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, երբ տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժերը, և նաև՝ խոշոր կապիտալը, միավորվել են իշխանափոխության հարցում։

–ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքով երկրի առջև ծառացել են լրջագույն խնդիրներ, որոնք մեր երկիրը տանում են կործանման՝ գործազրկություն, աղքատության խայտառակ ցուցանիշ, օրեցօր ավելացող արտագաղթ, և չասեմ արտաքին պարտքի մասին։ Եվ այս ամենը, բնականաբար, պետք է միավորեր ոչիշխանական ուժերին։ ՀՀ-ում, այո՛, աննախադեպ իրավիճակ է. միևնույն հարթակում են կանգնել տարբեր գաղափարախոսություններ ունեցող քաղաքական ուժեր, որոնք իրենց հստակ քայլերի շնորհիվ գնում են արմատական բարեփոխումների։

Իշխանությունն իր լրատվամիջոցներով ակտիվ հակաքարոզ է սկսել «եռյակի» դեմ։ «Գեբելսյան» այդ գործելաոճն արդյունքներ տալի՞ս է։ Օրինակ՝ երիտասարդության շրջանում ինչպիսի՞ տրամադրություններ եք նկատում։

–Իսկապես, բացահայտ երևում է, թե ինչպես են իշխանության «մանկլավիկները», օգտագործելով իրենց ռեսուրսները, փնովում այս ժողովրդավարական ալիքը։ Ասեմ ավելին՝ երիտասարդությունը զգոն է, և սթափ է գնահատում իրավիճակը։

Սերժ Սարգսյանը, փաստորեն, երկրորդ անգամ զգուշավորության դիմեց՝ «եռյակի» ճնշմամբ մի անգամ հեռացնելով վարչապետի Տիգրան Սարգսյանին, մի անգամ էլ հետաձգելով սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր դեպքում հնարավոր կլինի հասնել իշխանության վերջնական զիջման, այսինքն՝ իշխանափոխության։

Գաղտնիք չէ, որ այս իշխանությունը տարբեր քաղաքական մանևրների միջոցով փորձում է փոշիացնել այս ժողովրդավարական շարժումը։ Իշխանություների՝ Ձեր նշած հետքայլերը վկայում են իշխանության ունեցած խուճապի մասին։ Ուստի, հիմա քաղաքական ուժերն ու հասարակությունը լիարժեք և թերևս անկրկնելի հնարավորություն ունեն՝ է՛լ ավելի լայն համախմբմամբ ուժեղացնելու ճնշումն իշխանության նկատմամբ ու հասնելու ամբողջական իշխանափոխության:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը