Մեկնաբանություն

27.11.2014 11:19


Տիկնակլոնձի վրա թքելով՝ այն չես վերացնի

Տիկնակլոնձի վրա թքելով՝ այն չես վերացնի

Հավանաբար, շատերին է ծանոթ աչքի շրջանում տարօրինակ բառով գոյացությունը՝ տիկնակլոնձը։ Դա թարթիչի մազային պարկի կամ Ցեյսի ճարպագեղձի սուր թարախային բորբոքումն է։

Երևի լսած կլինեք, թե կենցաղում ինչպես են առաջարկում ազատվել այս տհաճ գոյացությունից։ Բառացի՝ թքել նրա աչքին, ում մոտ առաջացել է տիկնակլոնձը։

«Սնխչիական» այս բուժումը հիմնավորվում է հետևյալ կերպ. ուրիշի թուքն աչքիդ անմիջապես առաջացնում է զզվանք, ինչն էլ նպաստում է թարախային գոյացության աստիճանական վերացմանը (միայն հայերի մտքով նման բան կանցներ):

Բնականաբար, տիկնակլոնձը բուժվում է այնպես, ինչպես ցանկացած թարախային գոյացություն։ Նախ՝ պրոֆիլակտիկ կարգով խստորեն պահպանվում է անձնական հիգիենան, այնուհետև կատարվում են բժշկի նշանակումները։ Ծայրահեղ դեպքում արվում է վիրահատական միջամտություն։

Քաղաքական դաշտը ևս կենդանի օրգանիզմ է։ Բնականաբար, դրանում ևս կան ու կլինեն քաղաքական «տիկնակլոնձները»։ Մեր պարագայում՝ ինչքան ուզես։ Դրանց վերացումը, ինչպես և կյանքում, պահանջում է բացառապես մասնագիտական մոտեցում։

Քաղաքական դաշտի թարախային գոյացությունների վրա թքելով՝ դրանցից չես ազատվի։ Այստեղ ևս նախ անհրաժեշտ է պրոֆիլակտիկ աշխատանք, այնուհետև՝ հատուկ նշանակումներ, և միայն հարկ եղած դեպքում՝ վիրահատական միջամտություն։ Մի խոսքով, իշխանափոխություն։ Դրանից հետո քաղաքական տիկնակլոնձները հաստատ կվերանան։ Ինքնե՛րդ կհամոզվեք։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը