Մեկնաբանություն

28.11.2014 16:10


«Հայկական աշխարհի» շռնդալից ապտակը

«Հայկական աշխարհի» շռնդալից ապտակը

2008 թվականից այս կողմ երկրի բոլոր բնագավառներում առկա տխուր վիճակագրության հետ կարծես թե հաշտվել էինք: Մի ոլորտ էր մնացել, որի հետ կապված ինչ-որ հույսեր էինք փայփայում, թե գահավիժում չի լինի: Ավա՜ղ:

Ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի այս տարվա՝ 17-րդ հեռուստամարաթոնը, որը տեղի ունեցավ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում:

Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12.399.550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Այսինքն, կրկնակի չափով պակաս, քան արձանագրվել էր անցյալ տարի:

Նշենք, որ 2013-ին 16-րդ հեռուստամարաթոնն արձանագրել էր 22.661.372 ԱՄՆ դոլար նվիրատվություն և նվիրատվության խոստում:

Իսկ եթե մի քիչ ավելի հետ գնանք, ապա կտեսնենք, թե ցուցանիշների ինչպիսի անկում է արձանագրվել: 2008-ի հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր 35 միլիոն ԱՄՆ դոլար, 2009-ին՝ կրկնակի չափով պակաս՝ 15.875.043, 2010-ին՝ 20.862.733: Իսկ 2011-12 թվականներին՝ գրեթե 20-21 միլիոն:

Եվ ահա, երեկ՝ ընդամենը 12.399.550 ԱՄՆ դոլարի խոստում:

Սա իսկապես աղետալի ցուցանիշ է: Ինչից կարելի է մի եզրահանգում անել՝ իշխանության վստահության ճգնաժամ:

Գործող իշխանությանը չի վստահում եւ նրան դեմ է ոչ միայն Հայաստանի բնակչության գերակշիռ մասը, այլեւ սփյուռքահայությունը:

Միայն չասեք, թե հանգանակությունն իրականացվում է հայրենիքի շենացման համար, եւ այստեղ կապ չունի իշխանությունը:

Սփյուռքահայությունը մեզ նման եւ մեզանից էլ ակտիվորեն հետեւում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին, որոնց հեղինակը գործող իշխանությունն է:

Ինչպես մեր, այնպես էլ սփյուռքահայության հավատը սասանվել է գործող իշխանությունների նկատմամբ: Եթե արտերկրում ապրող մեր հայրենակիցները տեսնում են, որ այստեղ իշխանությունը վեց տարի հանգիստ է վերաբերվում «փայ մտնելու», «ատկատների» ավանդույթներին, եթե սփյուռքահայերը տեղյակ են կոռուպցիայի չափերին, անօրինականության եւ անարդարության արմատավորման տգեղ երեւույթներին, եւ տեսնում են, որ գործող իշխանությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ արատավոր երեւույթները եթե ոչ վերացնելու, ապա գոնե մեղմելու, զսպելու ուղղությամբ, եթե սփյուռքահայերը տեսնում են, որ օֆշորային սկանդալի գլխավոր դերակատարը դառնում է ՀՀ դեսպան, ապա նրանք այլեւս դադարում են հավատալ իշխանություններին եւ նրանց փուչ ճառերին:

Հետեւաբար, դրսում ապրող մեր հայրանակիցների՝ հայրենիքին աջակցելու ցանկությունն ու ձգտումն էլ է մարում: Քանզի երկրում տիրող նման իրավիճակի պարագայում նրանց մոտ կասկածները գնալով խորանում են, թե հանգանակված գումարներն արդյոք լիովին ներդրվո՞ւմ են այն ծրագրերի մեջ, որոնք հռչակվել են:

Թե՞ գործող իշխանությունը դրանցից էլ է «ատկատներ» անում կամ դրանց մեջ էլ է «փայ մտնում»:

Մանավանդ, նկատի առնենք այն, որ վերջին վեց տարում սփյուռքում ձեւավորվել է «Հայկական աշխարհը» (ականջդ կանչի, Տիգրան Սարգսյան), որը եւս հեռուստամարաթոնի պոտենցյալ մասնակիցների շարքում է: Պետք է, որ մասնակցի «Հայաստան» հիմնադրամի հանգանակություններին:

Այնինչ, վերոնշյալ թվերը ցույց են տալիս, որ «Հայկական աշխարհն» ամենեւին խանդավառված չէ: Դե, «Հայկական աշխարհն» իր աչքով է տեսել ու իր մաշկի վրա է զգացել այս իշխանությունների գործունեության «արդյունավետությունը» եւ մազապուրծ փախել է ու շարունակում է փախչել երկրից:

Ինչեւէ, որքան էլ ցավալի համարվի, բայց փաստն այն է, որ սփյուռքահայությունը նույնպես երես է թեքում «Ապահով Հայաստան»-ից եւ այն կերտողներից:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը