Մեկնաբանություն

03.02.2015 00:20


Հայաստանցի–ղարաբաղցի դիվերսիոն կոդը Բաղրամյան 26–ը վերաթարմացրեց

Հայաստանցի–ղարաբաղցի դիվերսիոն կոդը Բաղրամյան 26–ը վերաթարմացրեց

Հունվարի 31-ին դեպի Արցախ նախատեսված «Հիմնադիր խորհրդարանի» («Նախախորհրդարանի») կազմակերպած ավտոերթի մասնակիցների վրա Բերձորում տեղի ունեցած ոստիկանական հարձակումն ու իրականացված բռնություններն անընդունելի ու դատապարտելի երեւույթ են:

Ոչ մի բանական մարդ չի կարող հասկանալ խաղաղ ավտոերթի մասնակիցների (այդ թվում՝ կանանց եւ երեխաների) դեմ իրականացված այդ վայրագ ու անհեթեթ գրոհը, որ անվանվում է «ռեյդային ստուգում»:

Սա խայտառակություն է, ամոթալի դիպված, որի պատասխանատուները եւ կատարողները պետք է պատժվեն:

Արդեն երկու օր է՝ բոլորը քննարկում են Բերձորի միջադեպը՝ դրա մեղավորներին փնտրելով ամենուր, բացի հայտնի շենքից:

Եվ ահա, գեներալ Մանվել Գրիգորյանը հստակ նշեց բռնությունների «դաբրոն» տված հասցեն:

Ըստ Մանվել Գրիգորյանի՝ «մուտիլովշիկների» համար Արցախ մուտքն արգելված է, իսկ նորմալ քաղաքացիները կարող են գնալ:

Մի կողմ թողնենք այն, որ այս երկրում եթե կա մի «կոմբինատ», որտեղ անցած տարիներին անհավատալի քանակությամբ «մուտիլովկաներ» են հունցվել, ու «մուտիլովշիկներ» են բուծվել, ապա դա Բաղրամյան 26-ն է:

Մանվել Գրիգորյանի հայտարարությամբ՝ հարցը հստակեցվում է. ավտոերթի մասնակիցներին Արցախ մուտք գործելու արգելքը եւ նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու հրահանգը եղել է Բաղրամյան 26-ից, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի կողմից:

Իսկ ծեծուջարդով արձանագրված բերձորյան միջադեպից անմիջապես հետո Բաղրամյան 26-ի մեդիափորձագետները, փորձագետները, քաղտեխնոլոգներն ու բլոգերներն իրար ձեն ձենի տալով ասում ու գրում էին, թե ամեն ինչ մութ ուժերի կամ օտար ուժերի սցենարով է իրականացվել. միջադեպի, բռնությունների հեղինակներն օտար ուժերն են, որոնք ուզում են սեպ խրել Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ: Մի խոսքով, երկու օր փորձում էին մարդկանց ականջներից լապշա կախել (չենք զարմանա, եթե սրանք ասեն, որ օտար ուժերի ձեռքի գործն է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանությունը):

Բայց հիմա ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը հստակ բացահայտում ու ասում է, որ «օտար ուժերը» կապ չունեն. ուղղակի մենք (Սերժ Սարգսյանը) «մուտիլովշիկներին» թույլ չենք տա մտնել Արցախ, իսկ եթե «մուտիլովշիկները» փորձեն մուտք գործել, կստանան համարժեք պատասխան՝ ծեծուջարդ (եթե իրական թշնամու դիվերսիոն գործողությունների ժամանակ ասում էին, որ համարժեքից էլ մի քիչ ավելի պատասխան ենք տալու, ու չէին տալիս, կամ շատ ուշացումով էին տալիս, ապա այս դեպքում օպերատիվ կարգով անհամարժեք պատասխան տվեցին):

Եվ այնպիսի «համարժեք» պատասխան տվեցին, որ հանրության շրջանում վերականգնվեց ղարաբաղցի-հայաստանցի սինդրոմը:

Մի՞թե սա չէր հաշվարկել Սերժ Սարգսյանը: Հանրությունը վաղուց գիտակցել էր, որ Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ սեպ խրելուն միտված գործողություններն ապազգային ու վտանգավոր են. այն անձինք կամ ուժերը, ովքեր տարիներ շարունակ սեպ խրելով էին զբաղված, նրանց արածը տականքություն էր: Եվ սա ժողովուրդը գիտակցել էր ու անլուրջ էր համարում նման քարոզչությունը կամ քայլերը:

Բայց ահա, բերձորյան միջադեպի արդյունքում կրկին վերաթարմացվեց այդ թեման: Ինչի պատասխանատվությունն առավելապես կրում է Բաղրամյան 26-ը:

Մյուս կողմից էլ չենք կարող չնկատել Հիմնադիր խորհրդարանի՝ դեպի Արցախ հակաիշխանական նախաձեռնության անմտությունը:

Այս երկրում ռեժիմի դեմ կենաց-մահու պայքարի դրոշ բարձրացրած խմբերը, խմբավորումները, քաղաքացիական նախաձեռնություններն ու ուժերը վերջապես ե՞րբ են հասկանալու, որ ռեժիմի դեմ բողոքի ցույցերի, իշխանափոխության հասնելու մի հասցե կա՝ Երեւանը: Ավելի կոնկրետ՝ Բաղրամյան 26-ը: Ոչ թե դեսպանատները, պետական այլ կառույցների շենքերը, որոնց դիմաց նախկինում էլ, հիմա էլ ցույցեր են անում՝ «աչքաթող» անելով նախագահական պալատն ու Սերժ Սարգսյանին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը