Մեկնաբանություն

06.02.2015 14:40


Ծառուկյանը ներկայացրեց ուղերձներ և լուծումներ

Ծառուկյանը ներկայացրեց ուղերձներ և լուծումներ

Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ անցկացված «Ոչիշխանական քաղաքական եւ հասարակական ուժերի խորհրդաժողովը» կայացավ: Այսպիսով, 2015 թվականի քաղաքական պայքարի մեկնարկը տրված է: Իշխանափոխությանը միտված պայքար, որը ոչիշխանական ուժերի «եռյակը» սկսել է դեռեւս անցյալ տարվա գարնանից:

Նախ՝ կարեւոր է նկատել ավելի քան 5 ժամ տեւած խորհրդաժողովում տիրող մթնոլորտը: Մասնակիցները՝ քաղաքական ուժերի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ, իրենց ելույթներում չափազանց անկեղծ ու անկաշկանդ էին. բոլոր ելույթ ունեցողները կարողացան իրենց տեսակետներն արտահայտել:

Երկրում առկա ծանր իրավիճակից դուրս գալու ելքերը, գործող իշխանությանը չվաստակած հանգստի ուղարկելու ճանապարներն ամեն մարդ յուրովի է պատկերացնում: Եվ խորհրդաժողովում ելույթներով հանդես եկած գործիչներն ազատորեն ներկայացրին իրենց պատկերացումները՝ անկախ հանգամանքից, որ դրանք կարող են չհամընկնել խորհրդաժողովը նախաձեռնած ԲՀԿ առաջնորդի պատկերացումներին եւ նրա կողմից առաջարկվող լուծումներին:

Սա շատ կարեւոր հանգամանք է, երբ նման ներկայացուցչական հավաքն անցնում է այլակարծությունը հարգելու մթնոլորտում: Ի վերջո, ազատ ու անկաշկանդ քննարկումների արդյունքում են ի հայտ գալիս իշխանափոխությանը հասնելու ամենաօպտիմալ լուծումները:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա այն հավասարակշռված ելույթ էր, որում հստակորեն տրված են երկրում տիրող քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի ճշգրիտ գնահատականները:

Ուղերձների տեսքով շարադրված ԲՀԿ առաջնորդի ելույթում մատնանշված են երկրում արմատական փոփոխությունների հասնելու ուղիները:

Բայց մինչ այդ, այո՛, պետք է յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ հրաժարվի երկրի հանդեպ դրսեւորած անտարբեր կեցվածքից, պետք է իրենից վանի հուսահատությունն ու հուսալքությունը: Այդ պարագայում միայն կարելի է հասնել հաղթանակի:

Համաժողովրդական շարժման շտաբների միջոցով հնարավոր է դարձել, ինչպես ասում են, ձեռքը դնել ժողովրդի զարկերակի վրա, եւ պարզել, որ մարդկանց համբերության բաժակն իրոք լցվել է։

Եվ իրավիճակն այնպիսին է, որ ամեն պահի ժողովուրդը կարող է թափվել փողոց՝ վերածվելով անկառավարելի, հզոր ալիքի։

«Վերջին շրջանի մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Գյումրիի ողբերգությունը, սահմանային ընդհարումների հաճախացումը, անտանելի գնաճը, ֆինանսական շուկայի անկայունություններն այն վերջին կաթիլներն էին, որոնք պետք է հուշեն իշխանություններին, որ ժողովուրդը կանգնած է հզոր պոռթկման շեմին»- զգուշացնում է Գ. Ծառուկյանը:

Նման իրավիճակում քաղաքական ուժերի խնդիրն է տեր կանգնել քաղաքացիների արդարացի պահանջներին և հասնել դրանց իրականացմանը:

«Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ժողովրդի պահանջը պետք է լինի հրամայական մեզ բոլորիս համար»,- վստահեցնում է ԲՀԿ առաջնորդը:

Սա նշանակում է, որ օր օրի թափ առնող շարժման միջոցով, ամենօրյա աշխատանքի և ցանկացած պահի լեցուն փողոցների և հրապարակների միջոցով ոչիշխանական ուժերը ստիպելու են գործող իշխանություններին վերջապես զգալ սեփական պատասխանատվության բաժինը, հրաժարվել անպատասխանատու և նեղ խմբակային շահերից և պլաններից:

Այս համատեքստում Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղում նաեւ իշխանություններին՝ վերջիններիս կոչ անելով մտածել եւ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակում անել ճիշտ հետեւություններ, վերջ տալ երկրում հաստատված քաղաքական եւ սոցիալական անպատասխանատվության մթնոլորտին, գիտակցել քաղաքական մենաշնորհի վտանգավորությունը, ինչը երկիրը հասցրել է աղետալի մի սանմանագծի, քանզի աղետը սկսվում է այն ժամանակ, երբ իշխանությունը դառնում է բացարձակապես անվերահսկելի, եւ գործում է ըստ հայեցողության՝ հաշվի չառնելով ակնհայտ իրողությունները:

Շատ կարեւոր է այն, որ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց սահմանադրական փոփոխությունների կասեցման գործընթացի անհրաժեշտությունը, ու եւս մեկ անգամ շեշտեց, որ նման իրավիճակում պարզապես անմտություն է գնալ այդ քայլին։

«Կիսապատերազմական պայմաններում, երբ սահմանի վրա ամեն օր կրակում են, երբ հակառակորդը սպառնում է նոր լայնամասշտաբ պատերազմով, երբ տնտեսությունը գտնվում է ներքին և արտաքին գործոններով պայմանավորված խոր անկման մեջ, չի կարելի երկրի կառավարման մոդելը փոխել և պատճառ դառնալ հասարակական քաղաքական ցնցումների»,- խոսելով սահմանադրական փոփոխությունների անթույլատրելիության մասին՝ նկատում է ԲՀԿ առաջնորդը:

Փոխարենը՝ պետք է գնալ Ընտրական օրենսգրքի փոփոխության եւ ջարդել ընտրակեղծիքի մեքենան, համոզված է Գ. Ծառուկյանը:

Իսկ ամենակարեւոր ուղերձն, ըստ Գագիկ Ծառուկյանի, այն է, որ, այո՛, ինչպես ինքը նախկինում ասել է, այսօր էլ համոզված է, որ մեզ պետք է նոր որակի իշխանություն: Պետք է փոխվի իշխանության դեմքը, պետք է արտերկրում եւ Հայաստանում ապրող կիրթ, բանիմաց, փորձառու կադրերից բաղկացած թիմ ձեւավորել, որի օգնությամբ հնարավոր կլինի փրկել երկիրը:

Եվ պատրաստակամություն հայտնեց ամեն ինչով աջակցել այդ մարդկանց:

Իսկ ելույթի վերջում ԲՀԿ առաջնորդը կրկին անգամ զգուշացրեց իշխանություններին, թե ինչ է սպասվում նրանց առաջարկվող տարբերակները մերժելու դեպքում։

«Իսկ եթե իշխանություններն ընտրում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհը, ապա նմանատիպ իրավիճակներում ժողովուրդներն ունենում են մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ: Ոչ մի պաշտոն ցմահ չէ: Եվ եթե պետության զարգացումը, պետության անվտանգությունը պահանջում են իշխանության փոփոխություն, ուրեմն այդպես էլ պետք է լինի»,- հայտարարեց ԲՀԿ առաջնորդը:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը