Տնտեսական

28.07.2015 13:34


«Նաիրիտ»–ի հարցով քննարկում կիսադատարկ դահլիճում

«Նաիրիտ»–ի հարցով քննարկում կիսադատարկ դահլիճում

Այսօր ԱԺ–ում սկսվել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ արդյունքների ներկայացումը: Ուսումնասիրություններն իրականացրել են «Ջեյքոբս Քընսալթենսի» ընկերության փորձագետները, և ամփոփվել են Համաշխարհային բանկի կողմից:

Քննարկումը, սակայն, անցել է կիսադատարկ դահլիճում։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշել է, որ հարցերը լրագրողների ներկայությամբ չեն կարող տալ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին, քանի որ նրանց ընթացակարգն է այդպիսին. ԶԼՄ–ի ներկայությամբ չեն պատրաստվում հարցերին պատասխանել։ Որոշ պատգամավորներ վրդովվել են, որ հարց տալու իրավունք չունեն, և հեռացել։

Այվազյանը նաև նշել է, որ ԱԺ–ում «Նաիրիտի» հարցով խորհրդարանական լսումներ տեղի կունենան աշնանը:

Գործարանի շուրջ ստեղծված ընդհանուր իրավիճակը ներկայացրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։ Վերջինն անդրադարձել է տարիների ընթացքում գործարանի կուտակած պարտքերին, վնասով աշխատելու պատճառներին, աշխատակիցների կրճատումներին և այլն:

–Այսօր գործարանը կա՛մ պիտի վերագործարկվի, կա՛մ պիտի լուծարվի, որը կապված կլինի լուրջ ֆինանսական և բնապահպանական ծախսերի հետ: Դա շարքային ֆաբրիկա չէ, որի լուծարման հետ կապված՝ այսօր որոշում կայացվի, և վաղը սկսվի լուծարումը,–ասել է Զախարյանը։

Նախարարը հերքել է այն լուրերը, թե Կառավարությունը գործարանը տանում է լուծարման.

–Կառավարությանը բոլորովին ձեռնտու չէ ընկերության սնանկացումը, որովհետև դա բերելու է մեծ ֆինանսական խնդիրների` կապված անվտանգության և այլնի հետ: Ես պատասխանատու հայտարարում եմ՝ դա այդպես չէ: Մենք ամեն ինչ արել և անում ենք, որ գործարանը վերագործարկվի: ՀՀ Կառավարությունը դիմեց Համաշխարհային բանկին, որն իր միջոցների հաշվին պատվիրեց ընդհանուր աուդիտ: Արդյունքները հայտնի են, առաջարկները՝ ևս։

Նախարարը հիշեցրել է, որ Կառավարությունն անցած ուրբաթ օրվանից սկսել է վճարել աշխատավարձի պարտքերը:

Նշենք, որ քննարկմանը զուգահեռ՝ ԱԺ շենքի դիմաց են հավաքվել «Նաիրիտի» ճակատագրով մտահոգ նախկին աշխատակիցները։ Գործարանի նախկին խոսնակ Անուշ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ մինչ այժմ աշխատավարձ վճարվել է ընդամենը 400 հոգու, և եթե հուլիսի 29-30-ին բոլոր նաիրիտցիների աշխատավարձերը չվճարվեն, իրենք կվերսկսեն բողոքի ակցիաները։

–Արդեն մեկ ժամից ավելի է՝ այստեղ ենք, սակայն ոչ մի մասնագետ ԱԺ չի եկել: «Նաիրիտի» մասնագետներն էլ այստեղ չեն: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւմ հետ են իշխանությունները քննարկումներ իրականացնելու, և ո՞ւմ են ինչ ներկայացնելու,–ասել է Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը