Մեկնաբանություն

27.01.2016 16:45


Ովքեր և ինչու են իշխանափոխություն պահանջում

Ովքեր և ինչու են իշխանափոխություն պահանջում

Հայաստանի քաղաքական դաշտում ամեն ինչ լղոզվել է։ Մթնոլորտը գաղջ է։

Նկատվում են նաև տարօրինակ երևույթներ։ Բոլորն իշխանափոխություն են պահանջում։

Երբ իշխանափոխություն է պահանջում ընդդիմությունը, դա հասկանալի է և նորմալ երևույթ է։ Այդպես է ամբողջ աշխարհում։

Մեզ մոտ, սակայն, ամեն ինչ գլխիվայր շուռ է եկած։

Կարծես ծուռ հայելիների թագավորությունում լինենք։ Գնման ու վաճառքի առարկա է դարձել համարյա ամեն ինչ։ Քաղաքական թրաֆիքինգի են ենթարկվել մի շարք խմբագրություններ, քաղաքական ուժեր ու անհատներ։

Ովքեր են իշխանափոխություն ուզում

Իշխանափոխություն պահանջում է հանրության ճնշող մեծամասնությունը, և դա շատ բնական է, քանզի Սերժ Սարգսյանի գլխավորած թիմը ձախողվել է բոլոր ոլորտներում՝ հաջողելով բացառապես անձնական շահի հետապնդման գործում։

Իշխանափոխություն պահանջում են Բաղրամյան 26–ում նստողներն ու նրանց կցված «անկախ» մամուլի միջոցներն ու «փորձագետները»։

Հետևելով ՀՀԿ ղեկավարի որոշ ելույթներին ու սերժական մամուլի տարածած հոդվածներին՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանն 90-ականներից սկսած՝ թունդ ընդդիմադիր է եղել, պարզապես «ներս է գցել», չի արտահայտվել և ստիպված է զբաղեցրել բարձր պաշտոններ։ Այսինքն՝ իշխանության ներսում, այսպես ասած, պարտիզանություն է արել։

Իշխանափոխություն պահանջում են նաև հաճախորդները, բացահայտված ու չբացահայտված «ընդդիմադիրները», ճղճղան «արմատականները», «քաղաքացիականները», ՀՅԴ–ն, ՀՀԿ–ն և նույնիսկ օֆշորային սկանդալի «հերոս» Տիգրան Սարգսյանը։

Պետք է, հետևաբար, հստակություն մտցնել, թե ովքեր և ինչու են իշխանափոխություն պահանջում, և ամենակարևորը՝ ով ինչ է հասկանում «իշխանափոխություն» ասելով։

Հաճախորդների «ալիբին»

Սերժ Սարգսյանի շահերը սպասարկող «անկախ» մամուլը, հաչացող կայքերն ու ֆոտոսեսիայի մասնակիցները ֆորմալ առումով իշխանափոխություն են պահանջում, որպեսզի կարողանան մի քանի «ոչխարի» համոզել, որ իրենք ընդդիմադիր են։ Դա անհրաժեշտ է Սերժ Սարգսյանի իրական ընդդիմախոսների դեմ պայքար տանելու համար։

Սրանք իշխանափոխություն են պահանջում, բայց հիմնականում ուզում են, որ պաշտոնից հեռանա ... Պուտինը։

Ներկայանալով որպես մոլի արևմտամետներ՝ հաճախորդներն ուզում են յուրօրինակ «գաղափարական» ալիբի ապահովել, որպեսզի իրենց դհոլային էությունը շատ «չզռռա», բայց դե, դասականի ասած, սա փոքր երկիր է, և հնարավոր չէ թաքցնել, թե ով ով է։

Ինչ վերաբերում է նախագահականի բուծած «քաղաքացիականներին», որոնց մի մասին գործուղել են այս կամ այն նորաստեղծ կուսակցություն, ապա սրանք էլ են իշխանափոխություն պահանջում, բայց՝ Սերժ Սարգսյանի հովանու ներքո։ Սրանց քննադատությունն անհասցե է և վերացական։ Իսկ եթե կա կոնկրետություն, ապա միայն կեղծ թիրախների ու կեղծ խնդիրների ուղղությամբ։

«Дашнаков взяли в Хндзореске»

Դժվար է ասել, թե ինչու, բայց ՀՅԴ–ին ու հատկապես այդ կառույցի վերնախավին հետևողականորեն «փչացնում» է Սերժ Սարգսյանը՝ գայթակղելով չորրորդական նշանակության պաշտոններով։

Նախորդ երկու նախագահներն այլ մոտեցում ունեին։ Մեկը ՀՅԴ–ն «փակեց»՝ դրանով իսկ հալածյալի լուսապսակ դնելով դաշնակցականների գլխավերևում և նպաստելով նրանց վարկանիշի բարձրացմանը, իսկ մյուսն իրավիճակի փոփոխության պատճառով բանտից ազատեց դաշնակցականներին ու նրանց լուրջ դիրքեր հանձնեց իշխանական համակարգում։

ՀՀԿ ներկայիս ղեկավարը, սակայն, ցույց տվեց, որ ՀՅԴ–ի մասով պետք է այլ վերաբերմունք ունենալ։ Արդյունքում՝ «հին ընկերները» «երկխոսացվեցին» մի քանի «զրո» պակաս գնով։

Պարզվեց, որ սրանց ուզածները մի քանի աթոռ է, դեսպանի ու հյուպատոսի պաշտոն, մեկ էլ՝ փոքրիկ տոկոսիկ ԱԺ–ում։ Վե՛րջ։

Ու հիմա, երբ ՀՅԴ–ականները հայտարարում են, թե իրենք ուզում են կոալիցիա մտնել, որպեսզի ներսից իշխանափոխություն անեն, դա ընդամենը հռետորաբանություն է։ Դեմքը փրկելու հուսահատ փորձ։

«Բարեշրջումներ»՝ բիոզուգարանների և կովի պտուկների միջոցով

Տխրահռչակ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես խոսում էր իշխանափոխությունից և անգամ՝ հեղափոխությունից։

Դատելով ամենից՝ Տիգրան Սարգսյանն «իշխանափոխություն» ասելով հասկանում էր մի վիճակ, երբ ինքը կարողանում է կովի պտուկները գոլ ջրով լվանալու մասին դասախոսությունների միջոցով փոշիացնել մոտ 17 միլիոն դոլար, չաշխատող բիոզուգարանների ձեռքբերման համար «դուրս գրել» հսկայական գումարներ ու «մարսել», «ատկատային» քաղաքականություն վարել ու սպասարկել մեկ մարդու շահերը իշխանական համակարգում՝ չմոռանալով այդ ընթացքում «մեղրոտել» սեփական ձեռքերը։

Իշխանափոխությունը և «Մեկ օլիգարխի տնտեսությունը»

Ինչպես արդեն վերևում նշեցինք, իշխանափոխություն պահանջում է նաև Բաղրամյան 26–ում նստող Սերժ Սարգսյանը։ Դա առաջին հայացքից նոնսենս է, բայց դե, Հայաստանում ամեն ինչ պատահում է։

Հետանկախական շրջանում մեզ մոտ անցումային փուլին բնորոշ կլանաօլիգարխիկ համակարգ է ձևավորվել, կա հսկայական չափերի հասնող կոռուպցիա, և տեղի է ունեցել իշխանության ու բիզնեսի սերտաճում։ ՀՆԱ–ն հիմնականում տնօրինում է 20-30 ընտանիք։

Այդ համակարգի կայացման մեջ իր հսկայական ներդրումն ունի Սերժ Սարգսյանը։ Նա, կարելի է ասել, որ կլանաօլիգարխիկ համակարգի հիմնական ճարտարապետներից է։

2008–ի նախագահական ընտրություններից հետո, սակայն, «Վերջի բոլշևիկը» որոշել է ապամոնտաժել երկու–երեք տասնյակ փայատերեր ունեցող կլանաօլիգարխիկ համակարգը։ Բայց նա դա անում է ոչ թե տնտեսաքաղաքական համակարգը բացելու և մրցակցային դարձնելու, այլ հակառակը՝ կլանաօլիգարիկ համակարգից դեպի մեկ ընտանիքի տնտեսաքաղաաքական համակարգի անցնելու նպատակով, ինչն ավելի կեղտոտ հասարակական հարաբերություններ է ենթադրում, քան ունենք կլանաօլիգարխիկի դեպքում։

Խնդիր է դրվում ստեղծել, այսպես կոչված, մեկ օլիգարխի տնտեսություն՝ թաքնվելով «Պետք է պայքարել օլիգարխների ու մականունավոր փողատերերի դեմ» դեմագոգիկ և նեոբոլշևիկյան լոզունգի տակ։ Դրա համար ստեղծվել է «Գեբելսյան» քարոզչամեքենա, որը պետք է «գաղափարական» դաշտ ստեղծի սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման համար։

Պարզ է, որ այս պայմաններում հարձակման օբյեկտ են նաև ՀՀԿ–ն, բոլոր պաշտոնյաները, պատգամավորները և բոլոր նրանք, ովքեր քիչ թե շատ ինքնուրույն մարդիկ են։

«Մեկ օլիգարխի տնտեսության» ստեղծման շրջանակներում թիրախ են բոլորը, բացի Սերժ Սարգսյանից ու իր նեղ շրջապատից։ Ճիշտ է, «անկախ» մամուլին ու հաճախորդներին հանձնարարված է քննադատել նաև Սարգսյանին, բայց դա մարտավարական քայլ է։ Դա արվում է քաղաքական ու լրատվական դաշտը լղոզելու և նորաթուխ գեղամյանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Եթե գերօլիգարխիկ ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչվի, այն է՝ բոլորը կուլակաթափ արվեն, բիզնեսի բոլոր շերտերը գործնականում ոչնչանան, ու ամբողջ քաղաքական դաշտը հաճախորդացվի, ապա «անկախ» մամուլին «պասլատ կանեն» ու կպահեն միայն քիչ քանակի պաշտոնականները, որպեսզի դրանք Սերժ Սարգսյանին գովեն այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում կամ միջինասիական երկրներում են գովում «ազգի առաջնորդներին»։

Ահա՛ թե ինչ է հասկանում Ս. Սարգսյանն «իշխանափոխության» տակ։ «Սահմանադրական» հեղաշրջումը դեպի «իշխանափոխություն» տանող քայլերից էր։

Կուսակցական իշխանությունը և իշխանության կուսակցությունը

ՀՀԿ–ն հետխորհրդային տարածքում ձևավորված ավտորիտար ռեժիմներին ներհատուկ իշխանության կուսակցություն է։ Այնտեղ են կուտակված փողն ու վարչական ռեսուրսը։

ՀՀԿ–ում էլ են հասկանում, որ Սերժ Սարգսյանն ուզում է «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցել։

Իշխանության կուսակցությունում հիմա երկու խոշոր խմբավորում կա։ Մի մասը տեղավորվում է «Մեկ օլիգարխի տնտեսության» մեջ և նպաստում այդ ծրագրի կյանքի կոչմանը (սրանք «անհայրենիքներն» ու «ժելեոտածներն» են), իսկ մյուս մասը դեմ է դրան։ Այդ առումով Սերժ Սարգսյանի ծրագրերը չընդունող հատվածի ու հանրային շահի համընկնում կա։ Ասել է թե՝ նրանք էլ են ուզում իշխանափոխություն՝ նկատի ունենալով Սարգսյանի հեռացումը։

Ի դեպ, ՀՀԿ–ում կան շրջանակներ, որոնք ներսից են տեսնում Սերժ Սարգսյանի թուլությունը, և հասկանում են, որ կուսակցության ուժն ամենևին էլ երկրորդական չէ ապագա իշխանության ձևավորման հարցում։ Նաև զգում են, որ ոչ միայն ու ոչ այնքան իրենք են կախված Սերժ Սարգսյանից, որքան վերջինս՝ իրենցից։

Եթե Սերժ Սարգսյանն ուժեղ զգար իրեն, ապա չէր դիմի գրեթե զրոյական վարկանիշ ունեցող ՀՅԴ–ի օգնությանը։ Սա տեսանելի է բոլորին, ու ոմանք համապատասխան հետևություններ են անում։

Իրական իշխանափոխության թիվ մեկ պատվիրատուն

Իշխանափոխության (խոսքս իրական իշխանափոխության մասին է) թիվ մեկ պատվիրատուն Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունն է՝ ներառյալ տարբեր կուսակցություններում առկա չծախված ու առաջադիմական շերտերը։

Սահմանադրական հանրաքվեն ցույց տվեց, որ չնայած քաղաքական դաշտում տիրող անմխիթար իրավիճակին ու «Գեբելսյան» քարոզչամեքենայի կիրառած տեխնոլոգիաներին՝ ՀՀ քաղաքացիների մեծ մասը տարբերում է թացը չորից, լավ ընկալում է, թե որն է մեր երկրի իրական խնդիրը, և իր միասնական «ոչ»–ն է ասում Սերժ Սարգսյանի ռեժիմին։

Խնդիրն այն է, որ հանրությունն այս պահին չունի կազմակերպչակառուցվածքային գործիք (հանրային ու պետական շահը պաշտպանող առողջ քաղաքական ուժ)՝ իշխանափոխություն իրականացնելու համար, բայց ակնհայտ է, որ իշխանափոխության պատվերը հստակ ձևակերպված է, այսինքն՝ իրական իշխանափոխություն իրականացնելու ունակ քաղաքական ուժի պահանջարկ կա։ Եթե պահանջարկ կա, ապա առաջարկը չի կարող չծնվել։

Ամփոփում

Եվ այսպես, Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու ցանկություն ունեցող երեք հիմնական սուբյեկտ կա՝

–Սերժ Սարգսյանն ու իր նեղ շրջապատը,

–ՀՀԿ–ի մի մասը,

–Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

Ամեն մի սուբյկետ յուրովի է պատկերացնում իշխանափոխությունը և տարբեր բան է հասկանում «իշխանափոխություն» ասելիս։

ՀՀԿ–ի առողջ հատվածի, պետական չինովնիկների մեծ մասի ու հանրության շահերն առնվազն մարտավարական հարթության մեջ համընկնում են. ցանկություն կա ազատվել Սարգսյանի ռեժիմից։

Ոչ մի ձև չեն համընկնում ՀՀԿ ղեկավարի ու հանրության շահերը։ Կյանքն ապացուցել է այս գնահատականի ճշմարտացիությունը։

Թե որ սուբյեկտը կկարողանա իր պատկերացրած իշխանափոխությունն իրականացնել, կերևա 2017–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Մեկ բան ակնհայտ է՝ կազմակերպված ուժի պարագայում իշխանափոխությունն անխուսափելի կլինի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը կկարողանա վերջապես դուրս գալ զարգացման ուղի։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը