Լրահոս

07.10.2010 12:24


Խորհրդակցություն նվիրված գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ հրավիրվել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտներում առկա հիմնախնդիրներին:

Զեկույցներով հանդես են եկել գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Վահրամ Բաղդասարյանը, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Գարի Գրիգորյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը և գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ավելի արդյունավետ դարձնել գյուղատնտեսության նախարարության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները' ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև խորացնել համագործակցությունը տարբեր գերատեսչությունների միջև:

Բակո Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսության և առհասարակ տնտեսության մյուս բոլոր ճյուղերի զարգացման գործում անհրաժեշտ է հաշվի առնել բնության պահպանության հիմնախնդիրները՝ հատկապես հրդեհների և բնական այլ աղետների դեմ պայքարը կազմակերպելիս: Այս համատեքստում նախագահ Սահակյանը կարևորել է ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատանքներին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը:

Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ նշելով, որ ոլորտում առկա հիմնախնդիրները և իրականացվող աշխատանքները պետք է լայնորեն լուսաբանվեն զանգվածային լրատվամիջոցների կողմից:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Այս խորագրի վերջին նյութերը