Լրահոս

01.02.2016 14:08


Պատուհանից դուրս ցատկելով՝ դիմել են փախուստի

Պատուհանից դուրս ցատկելով՝ դիմել են փախուստի

Հունվարի 30-ին՝ ժամը 3.05-ին, մի քաղաքացուհուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարևան տանը, որի բնակիչներն արտասահմանում են, ձայներ են լսվում, ու լույս է երևում:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի անդամները նկատել է 3 հոգու, որոնք նշված տան պատուհանից դուրս ցատկելով և ոստիկանության ծառայողների ուղղությամբ կրակոցներ արձակելով՝ դիմել են փախուստի:
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:
Հարուցված քրեական գործի շրջանակներում, հանցագործությունը կատարելու կասկածանքով, նույն օրը հայտնաբերվեցին և ձերբակալվեցին 1993 թ. ծնված Ռադիկ Ռ.-ն, 1992 թ. ծնված Արա Գ.-ն և 1991 թ. ծնված Արթուր Ս.-ն:
Արա Գ.-ի զննությամբ՝ աջ ուսահոդի շրջանում, հայտնաբերվել է այրած վերք, իսկ ձախ ծնկահոդի մասում` փափուկ հյուսվածքների սալջարդ։ Նա հայտարարել է, որ վնասվածքները ստացել է գողություն կատարելիս, ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, կրակոցի հետևանքով:
Հրավիրվել է շտապ բուժօգնության անձնակազմ, Արա Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց և համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ներկայացվել Լոռու մարզային քննչական վարչություն:
Արա Գ.-ի տան խուզարկությամբ՝ լոգարանի առաստաղի օդափոխության համակարգում, հայտնաբերվել է առանց համարի թմբուկավոր ատրճանակ, թմբուկի մեջ՝ 7 պարկուճ և 1 փամփուշտ, իսկ պոլիէթիլենային պարկի մեջ` 16 փամփուշտ:
Արթուր Ս.-ի բնակարանում և օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տ/չ 1 փամփուշտ: Արա Գ.-ն հայտարարել է, որ ատրճանակը՝ փամփուշտներով, պատկանում է իրեն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը վարում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունը:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը