Լրահոս

07.10.2010 12:56


Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը արդիական է

Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը արդիական է

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ օրերս ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական և անտառօգտագործման խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Գ. Ալավերդյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը, Կոտայքի և Լոռու փոխմարզպետեր Վ. Բակլաչյանը  և Ա.Դարբինյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մաթևոսյանը, վերոհիշյալ նախարարությունների վարչությունների պետեր, ՀՀ դատախազության՝ Լոռու, Տավուշի, Կոտայքի մարզերի դատախազներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի  պաշտպանության վարչության պետ Ա. Նիկողոսյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների պետեր, պաշտոնատար այլ անձինք:

Ա. Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է խնդրի հրատապությունը և կարևորությունը՝ մասնավորապես շեշտելով, որ. «Ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ՝ պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետևողական և շարունակական միջոցառումներ իրականացնել»: Գլխավոր դատախազը հանդիպման մասնակիցներին առաջարկեց ներկայացնել տեսակետներ, կարծիքներ, առաջարկություններ՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը ներկաներին տեղեկացրել է ՀՀ դատախազության օրենսդրական նախաձեռնության մասին, որով նախատեսվում է հիշյալ ոլորտում խստացնել պատժողական քաղաքականությունը, օրենսդրական հիմքեր նախատեսել՝ օրինախախտներին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու համար: Հանդիպման մասնակիցները առաջարկություններ ներկայացրեցին նաև ապօրինի անտառահատումների դեպքերի վիճակագրությունների համակարգված մեխանիզմներ ստեղծելու, հաշվառելու ուղղությամբ: ՀՀ դատախազության մարզային կառույցները ղեկավարող դատախազները ներկայացրեցին տեղերում տիրող իրավիճակը: Մասնավորապես՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանը զեկուցեց, որ մարզի իրավապահ մարմինների կողմից նախապատրաստված նյութերը անհամեմատ ավելի շատ են, քան իրավասու այլ տեսչությունների կողմից իրավապահներին ներկայացված հաղորդումները:

Ա. Հովսեփյանը ցուցում է տվել, որ ապօրինի անտառահատումների վերաբերյալ բոլոր դեպքերով ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան վարչությունների կողմից հայտնաբերված իրավախախտումների դեպքերի վերաբերյալ նյութերը ուղարկվեն տարածքային՝ մարզային դատախազներին՝ դրանցով հետագա ստուգումներ կատարելու, որոշումներ կայացնելու համար:

Գլխավոր դատախազն առաջարկել է մարզերում, անտառամերձ գոտիներում ստեղծել պահակակետեր, որոնք պետք է հսկողություն իրականացնեն ճանապարհների վրա՝ բացառելու համար ապօրինի ծառահատումների տեղափոխումը:

«Եվ ամենակարևորը,-շեշտել է ՀՀ գլխավոր դատախազը,-այդ պահակակետերում հսկողական աշխատանքները պետք է անպայման կազմակերպվեն  շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Բնապահպանական հիմնախնդիրներով զբաղվող կամ այլ հասարակական գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները անպայման պետք է ներգրավված լինեն այդ պահակակետերում և պետական ծառայողների հետ համատեղ իրականացնեն հասարակական հսկողություն՝ անհրաժեշտ տեղեկատվություն ապահովելով զանգվածային լրատվամիջոցներին»: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը, Ա. Հովսեփյանի կարծիքով, պայմանավորված է նախևառաջ հասարակությանը հուզող այս խնդրում առավել թափանցիկություն ապահովելու, հասարակական վերահսկողության միջոցով ապօրինի անտառահատումների դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակահարմարությամբ:

Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը նույնպես շեշտել է բնապահպանական ոլորտի աշխատանքների թափանցիկության ապահովումը՝ նշելով ծավալուն քարոզչական աշխատանքներ տանելու անհրաժեշտությունը, որպեսզի հասարակությունը իրազեկվի, թե ինչ է նշանակում սանիտարական հատում, ինչ աշխատանքներ են կատարվում և այլ հարցեր, որոնք ակնհայտորեն հուզում են հասարակությանը: Ա. Հարությունյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է վերստուգում, մոնիտորինգ իրականացնող մարմինների  և դատախազության, հետաքննություն ու նախաքննություն իրականացնող մարմինների սերտ համագործակցությունը:

 «Հայաստանը, Մեծ Հայքը, պատմագրության մեջ հաճախ հիշատակվել է որպես անտառախիտ տարածքներով տերություն: Մենք պարտավոր ենք պահել ու պահպանել բնության կողմից մեզ տրված այդ բարիքը»,-նշել է Ա. Հովսեփյանը՝ ամփոփելով քննարկումը: Հանդիպման ավարտին որոշվել է հաջորդ քննարկումը կազմակերպել տեղերում՝ իրականացված միջոցառումների արդյունքները ամփոփելու ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը