Մեկնաբանություն

02.02.2016 00:25


Անհասկացության պատը

Անհասկացության պատը

Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ վերնախավի միջև անհասկացության պատ է ստեղծվել։ Գործարքը չի կայանում։ Կողմերը սկսել են «կծոտել» միմյանց ու «չերեզ» մամուլ շփվել իրար հետ։

Ու հիմա հարց է առաջանում՝ արդյուք կկայանա՞ պաշտոնների շուրջ առևտուրը։

Ոմանք կարծում են, որ չի կայանա, քանզի ՀՅԴ–ն, «քաղաքագիտական» լեզվով ասած, մի քանի «զրո» ավել է ուզում։

Մյուսներն էլ կարծում են, որ գործարքն, այդուհանդերձ, կկայանա, քանզի կողմերն ունեն միմյանց կարիքը. Սերժ Սարգսյանը փորձում է ի դեմս ՀՅԴ–ի «զապաս պագրիշկա» ունենալ հետագայում, իսկ ՀՅԴ–ն էլ պաշտոններ է ուզում, որպեսզի կարողանա լծակներ ու փող ձեռք բերել՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հինգ տոկոսը հաղթահարելու հնարավորություն ստանալու նպատակով։

Եթե գործարքը չկայանա, ապա մենք ականատես կլինենք «Է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն» ոճի փոխադարձ հարձակումների, որոնց «հերոսները» կլինեն ՀՀԿ–ականներն ու ՀՅԴ–ականները։ Իսկ դա նշանակում է, որ լրագրողների ու թամաշայասերների համար առնվազն մեկ շաբաթով ապահովվելու է ուրախ կյանքը։

Իսկ եթե գործարքը կայանա, ապա դա կնշանակի, որ հիմիկվա «կծոտումներն» ընդամենը գին գցելու (ՀՀԿ ղեկավարի ցանկությունը) և գին բարձրացնելու (ՀՅԴ վերնախավի փափագը) հրապարակային բեմադրություններ են։ Ըստ այդմ՝ Սերժն ասում է, թե, ախր, ա՛յ դաշնակցականներ, դուք վարկաբեկված եք, հետևաբար ինչպե՞ս եք այդքան շատ բան ուզում։ ՀՅԴ–ից էլ արձագանքում են, թե, ախր, ա՛յ մարդ, դու լավ կյանքից չէ, որ մեզ ես դիմել, և ուրեմն, եթե դիմել ես, հետևաբար թույլ ես ու վախեր ունես, դե եթե վախեր ունես, ուրեմն «մուծվիր»։ Ահա այսպիսի «գաղափարական» կռիվ է գնում կողմերի միջև։

Ինքնին հասկանալի է, որ պետական ու հասարակական շահի մասին այստեղ խոսք անգամ չի կարող լինել։ Հանրային ու պետական շահի մասին բառերը ՀՅԴ–ն օգտագործում է ժանրի կանոնների շրջանակներում։ Մնացածը դեմագոգիայի ոլորտից է։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ հեղինակազրկված իշխանության հետ համագործակցելով՝ ՀՅԴ–ի վարկանիշը կընկնի, բայց իրենք, ամեն դեպքում, կգնան դրան հանուն հայրենիքի։

Նախ՝ նկատենք, որ չի կարող ընկնել մի բան, որը չկա։ Տվյալ դեպքում խոսքը ՀՅԴ վարկանիշի մասին է։ Հեղինակազրկվածության մասով նրա հետ վիճելու հարց չկա։ Միայն մեկ լրացում՝ հեղինակազրկված է նաև ՀՅԴ–ն։ Ասել է թե՝ համագործակցության են ձգտում երկու հեղինակազրկված սուբյեկտներ։ Եվ դա բնական է։ Տեսակը տեսակին է գտնում։

Ինչ վերաբերում է «հանուն հայրենիքիին», ապա պետք է հիշել, թե որ տեսակի մարդկանց վերջին հանգրվանն է «հայրենասիրությունը»։

Այս խորագրի վերջին նյութերը