Մեկնաբանություն

02.02.2016 13:30


Հայկական «նավթի» դարաշրջանի ավարտը

Հայկական «նավթի» դարաշրջանի ավարտը

2008–ից հետո իշխանությունների տնտեսական քաղաքականության հիմքում հայկական «նավթն» էր՝ խոպանից փող ուղարկող ՀՀ քաղաքացին, որին արտահանում էին տարադրամի մուտքի ակնկալիքով («Բա ի՞նչ անենք. թողնենք, որ այստեղ մնան ու հեղափոխությո՞ւն անեն»)։

ՀՀ քաղաքացիները խոպան էին գնում ու այնտեղից փող ուղարկում նաև 2008–ից առաջ, բայց Սերժ և Տիգրան Սարգսյաններն այդ ամենին տվեցին գաղափարական տեսք ու դարձրեցին պետական քաղաքականություն։

Ըստ այդ քաղաքականության՝ Սերժ և Տիգրան Սարգսյանները Հայաստանում կառավարում են կեղծ «տենդերներն» ու շահավետ «ատկատները», իրականացնում են մասնավոր սեփականության լայնամասշտաբ վերաբաշխման ծրագիր և անապատացնում են քաղաքական դաշտը։ Այլ կերպ ասած՝ կառուցում են «Մեկ օլիգարխի տնտեսություն»։

ՀՀ քաղաքացիներին «Մեկ օլիգարխի տնտեսության» պայմաններում վերապահված է կա՛մ երկրից դուրս գալու, դրսում (հիմնականում՝ Ռուսաստանում) աշխատելու և դրսում աշխատած փողը Հայաստան ուղարկելու, կա՛մ ՀՀ–ում դրսից ուղարկած փողն իշխանությանը պատկանող խանութներում կամ այլ տեղերում ծախսելու, ինչպես նաև կոմունալ վճարները վճարելու գործառույթը։

Այս քաղաքականությունը չէր ենթադրում տեղական փոքր, միջին և խոշոր բիզնեսի զարգացում, քանզի, ինչպես մի առիթով տխրահռչակ նախկին վարչապետը ձևակերպեց, մեզ տեղական արտադրություն պետք չէ։

Փոքր ու միջին բիզնեսը, ըստ Սերժ և Տիգրան Սարգսյանների, անիմաստ բան է, իսկ խոշորը՝ կուլակաթափման ենթակա օբյեկտ։

Ահա այսպիսի մտածողությունն ու այդ մտածողության հետևանք հանդիսացող տնտեսական քաղաքականությունն էր պատճառը, որ Հայաստանում 2009–ին տնտեսական անկման համաշխարհային ռեկորդ սահմանվեց, արձանագրվեց կապիտալի հսկայական արտահոսք, աղքատությունն աճեց, ներդրումները պակասեցին, և մենք ունեցանք մեծ արտագաղթ (վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանը լքել է շուրջ 300 հազար ՀՀ քաղաքացի)։

Այժմ վերը նշված քաղաքականության առումով խնդիրներ են առաջացել։ Բանն այն է, որ նավթի միջազգային գների անկումը հարվածել է ռուսական տնտեսությանը, ինչն էլ իր հերթին հարվածել է Ռուսաստանի շինարարական բիզնեսին, որում հիմնականում ներգրավված են հայ խոպանչիները։

Շինարարության ոլորտում առկա խնդիրները հանգեցրել են այն բանին, որ ավելի քիչ փող են խոպանչիներն ուղարկում Հայաստան։ Բացի այդ՝ ռուբլու արժեզրկումը դոլարի նկատմամբ նույնպես ազդել է Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների դոլարային ծավալի վրա, ինչն էլ իր հերթին բերել է մեզ մոտ վճարունակ պահանջարկի էական կրճատման՝ բացասաբար ազդելով բիզնես դաշտի ու պետբյուջեի վրա։

Հայկական «նավթն» այլևս գումարային անհրաժեշտ մուտքեր չի ապահովում «Մեկ օլիգարխի տնտեսությանը»։ Դա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար գնում է արտաքին պարտքի ավելացման ճանապարհով։ Այսինքն՝ ներսում վարվող խայտառակ քաղաքականությունից հրաժարվելու փոխարեն այդ քաղաքականությունը պահպանելու այլ միջոցներ են գտել։

Հայկական «նավթի» դարաշրջանն ավարատվել է, ու հիմա դրան փոխարինելու է եկել Հայաստանի արտաքին պարտքի ավելացման հաշվին իշխող վարչախմբի ախորժակի բավարարման քաղաքականությունը։ Ութ տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքը 1,4 միլիարդ դոլարից դարձել է 5 միլիարդի կարգի, այսինքն՝ ավելացել է ավելի քան 3 անգամ։

Ուշագրավն այն է, որ պետական պարտքն աճել է, բայց հայտնի չէ, թե ինչ են արվել այդ գումարները։ Օրինակ՝ մինչև հիմա չեն երևում ռուսական 500 միլիոն դոլար վարկի օգտագործման սխեման և վարկի օգտագործման արդյունավետությունը։ Մյուսների մասով էլ նույն պատկերն է. 2009–ին դոլարի փոխարժեքն արհեստականորեն պահելու նպատակով փոշիացվեց պահուստային 700 միլիոն դոլարը, ինչը հետագայում լրացվեց արտաքին պարտքի միջոցով։

Եթե միջինացված թվով ներկայացնենք, ապա Սերժ Սարգսյանի նախագահության ամեն տարին Հայաստանի վրա «նստել է» կես միլիարդ դոլարի կարգի գումար՝ արտաքին պարտքի ավելացման տեսքով։ Ու որպեսզի ՀՀ–ն ստիպված չլինի 2017–ի ԱԺ ընտրություններից հետո էլ համանման կամ ավելի բարձր թիվ վճարել անարդյունավետ իշխանություն ունենալու համար, անհրաժեշտ են քաղաքական նոր դաշտի ձևավորում և առաջնորդող նոր ուժ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը