Մեկնաբանություն

03.02.2016 14:00


ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարը ... Պուտինն է

ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջատարը ... Պուտինն է

ԱՄՆ նախագահական ընտրություններն աննախադեպ են ստացվում։ Բանն այն է, որ դրանց մասնակցում է ... ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Խոսքն, իհարկե, ուղղակի մասնակցության մասին չէ։

Խոսքն այն մասին է, որ Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից առաջադրված նախագահի հիմնական թեկնածուների ու ընտրարշավի առաջատարների համար Պուտինի թեման առաջնային է։

ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմը դեմոկրատների հետ փորձում է «սևացնել» Պուտինին, իսկ հանրապետական թեկնածու և բարձր վարկանիշ ունեցող Դոնալդ Թրամփը՝ հակառակը, դրական է արտահայտվում Պուտինի մասին։

Արդյունքում՝ ԱՄՆ–ում սպասվող նախագահական ընտրություններում ամենաքննարկվող անձը դարձել է Պուտինը։

Մրցավազքի առաջատար Թրամփը կարծում է, որ Օբամայի թիմի վարած քաղաքականությունը ՌԴ–ի նկատմամբ սխալ է։ Նրա կարծիքով ՌԴ–ի հետ պետք է ոչ թե կատաղի և անիմաստ պայքարի մեջ մտնել, այլ համագործակցել և՛ Եվրոպայում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ այլուր, նաև՝ համատեղ գործել գլոբալ անվտանգության հարցերում։ Ըստ նրա՝ ԱՄՆ–ի մրցակիցը և խնդիրներ առաջացնողը Չինաստանն է, այլ ոչ թե ՌԴ–ն, հետևաբար անհեթեթ է կռիվ տալ ռուսների դեմ այն դեպքում, երբ նրանք ԱՄՆ–ի շահերին որևէ կերպ չեն սպառնում։

Թրամփը կարծում է, որ ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումն ԱՄՆ–ի շահերից է բխում, և նախագահ դառնալու դեպքում ինքն արագ լեզու կգտնի Պուտինի հետ, ում շատ է հարգում։

Դեմոկրատների մոտ ճիշտ հակառակ պատկերն է։ Հակառուսական ու նաև հակապուտինական «բզիկը» նրանց հոգեխանգարմունքի մեջ է գցել, և Հիլարի Քլինթոնի «փիառ» թիմը դիմում է բոլոր մեթոդներին՝ Պուտինին «սևացնելու» համար։ Այդպիսով դեմոկրատները փորձում են «սևացնել» Թրամփին։

Բանն այն է, որ սիրիական ռազմական թատերաբեմում ՌԴ ավիացիայի արդյունավետ գործունեությամբ պայմանավորված և Արևմուտքում արժեքային խոր ճգնաժամի արդյունքում առաջացած Պուտինի բարձր վարկանիշն անուղղակիորեն դրական իմաստով է ազդել նաև Թրամփի վրա։ Դա է պատճառը, որ դեմոկրատները «սև» PR են կիրառում Պուտինի դեմ, որպեսզի դրանով իսկ հարվածեն Թրամփին, քանզի ամերիկյան խաղի կանոնների համաձայն՝ «սև» PR–ի արգելք կա ընտրարշավի մասնակիցների մասով։ Եվ ահա այդ արգելքը հաղթահարելու համար թիրախ է ընտրվել Պուտինը։

Թրամփն իրեն հաճախ է նույնացնում Պուտինի հետ և դրական խոսքեր շռայլում ՌԴ նախագահի հասցեին։ Դեմոկրատներն էլ ուզում են ցույց տալ, թե ինչքան վատն է Պուտինը (BBC–ի հայտնի հակապուտինական էժանագին ֆիլմն այդ նպատակով էր արված), որպեսզի նրա հետ նույնացվող Թրամփն էլ տուժի։

Պուտինն, ըստ այդմ, անկախ իր կամքից, դարձել է ԱՄՆ նախագահական ընտրությունների մասնակից։ Դրանով է պայմանավորված նրա դեմ իրականացվող «սև» քարոզչությունը։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Ֆրանսիայում տեղի ունեցած տեղական ընտրություններից հետո հարձակում սկսվեց «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարի Լե Պենի դեմ («Ազգային ճակատն» ընտրություններում աննախադեպ արդյունք էր գրանցել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության համապատկերին. ֆրանսիացիներն այդպիսով իրենց բացասական վերաբերմունքն էին հայտնում Ֆրանսիայի նախագահ Օլանդի վարած արտաքին ու ներքին քաղաքականությանը)։

Լե Պենի դեմ հարձակումների պատճառներից մեկն այն է, որ նա նույնպես դրական է արտահայտվում Պուտինի մասին ու կողմ՝ ԵՄ և ՌԴ հարաբերությունների բարելավմանը՝ կարծելով, որ դա բխում է նախ և առաջ ԵՄ–ի ու, մասնավորապես, Ֆրանսիայի շահերից։ Ամերիկացիներին դա դուր չեկավ, ու ինչպես Ֆրանսիայի նախագահական ընտրություններից կոպիտ ձևով դուրս մնացած Ստրոսս Կանի դեպքում, Լե Պենի դեմ սկսվեց «սև» քարոզարշավ։

Ահա արևմտյան ազատ մամուլի իրական դեմքը։

Այս խորագրի վերջին նյութերը