Մեկնաբանություն

03.02.2016 15:08


Ռուստամյանը «քաշեց» հին ընկերներին

Ռուստամյանը «քաշեց» հին ընկերներին

Սերժ Սարգսյանի ու Հրանտ Մարգարյանի միջև տեղի ունեցող քաղաքական առևտուրը ՀՀԿ–ում միանշանակ չի ընդունվել, քանզի պարզ է, որ իշխանական լծակներից ՀՅԴ–ին փայ են տալիս ՀՀԿ–ի հաշվին։

Կառավարման, այսպես կոչված, խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀԿ–ում կորպորատիվ շահի գիտակցությունը բարձրացել է։ Զուգահեռաբար, ամրապնդվել է այն տեսակետը, որ շատ շուտով ոչ թե իրենք են կախված լինելու Ս. Սարգսյանի միանձնյա ու գիշերային որոշումներից, այլ Սարգսյանն է կախված լինելու ՀՀԿ–ից։

Ահա այս մթնոլորտում են ընթանում Սերժ Սարգսյանի ու Հրանտ Մարգարյանի հանդիպումները պաշտոնները բաշխելու շուրջ։

Ինչքան էլ ուրիշ անուններ դնեն, բոլորն էլ հասկանում են, որ գործարքն այդ պետք է ոչ թե ՀՀԿ–ին, այլ Սերժ Սարգսյանին, ով փորձում է ՀՅԴ–ի միջոցով Սփյուռքին ինչ–որ չափով կառավարել՝ դրանով իսկ ցույց տալով իր վախերը («Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում Սփյուռքից ստացած հարվածները, փաստորեն, խոր հետք են թողել Սարգսյանի վրա)։

Բացի այդ՝ ՀՀԿ–ի հաշվին ՀՅԴ–ին իշխանական համակարգ մտցնելով՝ Սարգսյանը ցույց է տալիս, որ այնքան էլ ինքնավստահ չի զգում իրեն և ներքին կյանքում կարիք ունի նույնիսկ այնպիսի հեղինակազրկված կառույցի, ինչպիսին ՀՅԴ–ն է։

ՀՅԴ–ն որսացել է Սարգսյանի թույլ կողմն ու փորձում է առավելագույնը պոկել։ Մանր կոմերցիոն հարցերում հաջողակ Հրանտ Մարգարյանի գործին, սակայն, խփեց նրա հին ընկերը՝ Արմեն Ռուստամյանը, ով լրագրողների հետ զրույցում տաքացավ ու սկսեց «փչացնել» իշխանություններին՝ փորձելով «ինչ անում ենք՝ հանուն հայրենիքի ենք անում» դեմագոգիկ ձևակերպման միջոցով փրկել ՀՅԴ–ի դեմքը։

Իշխանությունների հեղինակազրկվածության մասին Ռուստամյանի արտահայտություններն, ըստ էության, փչացրեցին Սարգսյան–Մարգարյան բանակցությունները, որոնք ընթանում են ՀՀԿ–ականների դժգոհության համապատկերին։

Ռուստամյանի այդ ձևակերպումները հնարավորություն տվեցին ՀՀԿ–ականներին ճնշել Սարգսյանին, ով, փաստորեն, նույնպես անհարմար վիճակի մեջ հայտնվեց հեղինակազրկվածության մասին տրված գնահատականներից հետո։

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ՀՅԴ–ում պաշտոնի սպասողները ՀՀԿ–ականներից ոչ պակաս են կատաղած Ռուստամյանի վրա, ով, փաստորեն, քար է գցել իրենց բախտի վրա, քանզի պարզ է, որ նրա խոսքերից հետո Սարգսյանը Մարգարյանի հետ «բազառներում», «բարոյական վնասի հատուցման» հիմնավորմամբ, լրիվ իրավունք է ստանում «մի քանի զրո» պակաս գնահատել ՀՅԴ–ին, ինչի դեմ Հրանտ Մարգարյանը փաստարկ չի կարող ունենալ։

Մի խոսքով, Ռուստամյանը «քաշեց» իր հին ընկերներին։ Ճիշտ է, նա հետո փորձեց կմկմացող ձայնով հետ պտտեցնել սեփական մտքերը, բայց դե, պաշտոններ բաշխող գնացքն արդեն գնացել է՝ իր հետ տանելով ավելի քիչ ՀՅԴ–ական հաճախորդների, քան կցանկանար Հրանտ Մարգարյանը։

Ինչով էլ ավարտվի այս թամաշան, ակնհայտ է, որ «փչացան» թամաշայի բոլոր մասնակիցները և հատկապես ՀՀԿ–ն։ Թե դա ինչի կհանգեցնի, այլ խոսակցության թեմա է։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը