Լրահոս

07.10.2010 14:31


Երևանում մեկնարկեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկեց հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը, որին ներկա էին եւ ելույթ ունեցան ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Ֆրանսիական կողմից պատվիրակությունը գլխավորոմ էր  Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպման ֆրանսիական հանձնախմբի նախագահ Հյուբեր-Ժյուլիեն Լաֆերիերը:

Համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիայից Հայաստան է ժամանել 130 հոգանոց պատվիրակություն, որը բաղկացած է Ազգայյին Ժողովի պատգամավորներից, Սենատի անդամներից  եւ Հայաստանի մարզերի ու քաղաքների հետ համագործակցություն հաստատած ֆրանսիական 25 տեղական ինքնակառավարման մարմինների՝ քաղաքների, դեպարտամենտների եւ շրջանների ղեկավարներից:

Համաժողովի մասնակիցներին ուղերձներ էին հղել Ֆրանսիացի քաղաքական ու պետական գործիչներ, այդ թվում՝ արտաքին գործերի եւ եվրոպական հարցերով նախարար Բեռնար Կուշները, որն ընթերցեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին, Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Այսօր մեր հանդիպումը ինձ հետ է տանում մեկ այլ հոկտեմբեր' 2006 թ. հոկտեմբեր, երբ Ֆրանսիայի Սենատում մենք կազմակերպեցինք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը ի թիվս Հայաստանի տարվա շրջանակներում շուրջ 250 քաղաքներում անցկացված մոտ 1000 այլ միջոցառումների»:

 Նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Ֆրանսիայի քաղաքների միջեւ համագործակցությունը' որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցիչ մաս, որը լրացնում  եւ ամբողջացնում է միջպետական բարձր մակարդակի երկխոսությունն ու բազմաոլորտ հարաբերությունները:

Նշվեց, որ դեռեւս Հայաստանի անկախացումից տարիներ առաջ Հայաստանի և Ֆրանսիայի երեք քաղաքների միջեւ քույրացման երեք պայմանագրեր են կնքվել, իսկ անկախությունից հետո նրանց թիվը սկսեց աճել՝ հատկապես վերջին տասը տարիների ընթացքում, երեքից հասնելով շուրջ երեք տասնյակի։ Եւ եթե Հայաստանի անկախության առաջին տարիներին Ֆրանսիայի տեղական իշխանությունների կողմից Հայաստանում իրականացվում էին, գլխավորապես, մարդասիրական համագործակցության ծրագրեր, ապա վերջին տարիներին, քույր-քաղաքների թվի աճին զուգահեռ, ծրագրերն աստիճանաբար ուղղորդվեցին դեպի այլ ոլորտներ:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափով ամեն տարի կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում իրականցվում է շուրջ հինգ տասնյակ ծրագիր: 

Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց համաժողովի կողմից ընդունվելիք hայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության Խարտիան' ընդգծելով, որ այն կնպաստի  շփումների շարունակականությանն ու պարբերականությանը, եւ համոզմունք հայտնեց, որ Խարտիան կդառնա ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարեւոր մեխանիզմ:

Այս խորագրի վերջին նյութերը