Լրահոս

07.10.2010 14:33


Ր. Հովհաննիսյան. «ՀՀ առաջին և գործող նախագահները հայ–թուրքական և ԼՂ հարցերեում միանման մոտեցում ունեն»

Ր. Հովհաննիսյան. «ՀՀ առաջին և գործող նախագահները հայ–թուրքական և ԼՂ հարցերեում միանման մոտեցում ունեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե անկախության 19 տարիներին ՀՀ իշխանությունները անընդհատ բաց են թողել ԼՂՀ-ի անկախությունը ճանաչելու հնարավորությունները, և հրադադարի ստորագրումից հետո մեր իրավունքների իրագործման շրջանակներում ՀՀ-ն պետք է ճանաչեր ԼՂՀ անկախությունը։

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե  ինչպե՞ս եղավ, որ «Ժառանգությունը», ունենալով նման մոտեցում, 2008թ. կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին, որն ինքն էր բաց թողել ԼՂՀ-ի ճանաճչման հնարավորությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե Հայաստանի երեք նախագահներն էլ իրավականության և օրինականության տարբեր աստիճաններով երբևէ չեն օգտվել իրենց իրավունքից' ճանաչել ԼՂՀ անկախությունը։

-Պետք չէ անձնավոր քննադատությունը, բայց կարծում եմ, որ 2008թ. հիմնական ընդդիմադիր թեկնածուն՝ առաջին նախագահը, ավելի կոնկրետ և ավելի հստակ պետք է խոսեր ազգային հարցերում և ԼՂՀ-ի վերաբերյալ,-ասել է նա։

«Բայց ինչպե՞ս կանգնեցիք առաջին նախագահի կողքին՝ ունենալով նման գաղափարական տարաձայնություն» հարցին ի պատասխան միջամտել է «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ստեփան Սաֆարյանը.

-Ես արդեն իսկ մամուլին մեկնաբանել եմ այդ խնդիրը, և հարցն այն է, որ եթե վերընթերցեք նույն շրջանում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ապա կտեսնեք, որ նա այդ խնդրի վերաբերյալ ասել է, որ ԼՂՀ-ի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր կարգավիճակը։ Իհարկե, մեզ համար  ցանկալի կլիներ շատ ավելի հստակ դիրքորոշումներ լսել ազգային խնդիրների, այդ թվում  ԼՂ խնդրի հետ կապված,  բայց 2008թ. ի նկատի ունենալով բավական լայն պարագծով համախմբումն  ընդդիմադիր թեկնածուի շուրջ, կարծում եմ, բավարար էր թույլ տալ ասելու, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հին մոտեցումները Արցախի խնդրի վերաբերյալ այլևս չէին կարող գործածական լինել, եթե ԼՂՀ ժողովուրդն  ինքն է որոշում իր կարգավիճակը։ Սա,  իհարկե, այն նվազագույն բավարար պայմանն էր, որը հիմք ընդունելով՝«Ժառանգություն» կուսակցությունն ընդունել է իր որոշումը։

Նշենք նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում հստակեցրել է, որ թեև առաջին և երրորդ նախագահների մոտեցումների միջև որոշ հարցերում տարբերություններ կան, բայց որոշակի «հայ-թուրքական և ղարաբաղյան հարցրեում գաղափարական և ռազմավարական ավելի շատ միանման մոտեցում ունեն, քան մոտեցումների տարբերություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը