Լրահոս

04.02.2016 10:52


Կրակոցներ Արագածավանում. 2 զոհ և 1 վիրավոր

Կրակոցներ Արագածավանում. 2 զոհ և 1 վիրավոր

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այս գիշեր հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր:

Տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ըստ «Shamshyan.com»–ի՝ մահացածներն են 40-ամյա Ա. Խ.–ն և 49-ամյա Վ. Գ., իսկ վիրավորը սպանվածներից մեկի՝ Ա. Խ.–ի եղբոր որդին է՝ 32-ամյա Ա. Խ.–ն: Նշված անձինք բնակվում են նույն գյուղում:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղում հայտնաբերել են «Ford Transit», «Mercedes» և «Ժիգուլի» մակնիշի ամբողջովին վնասված ու ջարդված ավտոմեքենաներ, իսկ գյուղի փռի մոտ` ամբողջովին ջարդված և վնասված, կողաշրջված «Նիվա» մակնիշի ավտոմեքենա: Փռի ապակիները ամբողջովին կոտրված են:

Արագածավանում այսօր հնչած կրակոցների դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունից մանրամասներ են հաղորդում։ Մասնավորապես, նշվում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտյոմ Խամոյանի դիակը և 1984 թ. ծնված Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 1967 թ. ծնված Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին: Զենքն առգրավված է: Կատարվում է նախաքննություն:

Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում հնչած կրակոցների վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1975 թ. ծնված Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ (տվյալները ճշտվում են) հրկիզել են Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը