Լրահոս

04.02.2016 15:20


ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցված զոհը ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է

ՀՀ ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ում գրանցված զոհը ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է

Հայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց՝ հերքելով Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվությունը, թե, իբր, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում փետրվարի 3-ին հայկական կողմից ձեռնարկված դիվերսիոն գործողության հետևանքով սպանվել է ադրբեջանական զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում: Ստացված օպերատիվ տեղեկություններով` ադրբեջանական զինված ուժերում գրանցված զոհը ներքին` ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունք է», - հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ փորձում է ապատեղեկատվության միջոցով խեղաթյուրել իրականությունը և անհիմն մեղադրանքներ ուղղել հայկական կողմին: Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող զինված դիմակայության հետևանքով հնարավոր միջադեպերի նվազեցման և կանխման նպատակով հետաքննության մեխանիզմների կիրառման անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը