Լրահոս

07.10.2010 15:05


Երկաթուղային համալիրը Հայաստանում կայացե՞լ է

Երկաթուղային համալիրը Հայաստանում կայացե՞լ է

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով 9 ամսում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքները՝ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլինն ասել է, թե երկաթուղային համալիրը Հայաստանում կայացել է։ Նրա խոսքերով՝ բարձրացել են ընկերության տնտեսական ցուցանիշները, մասնավորապես բեռնափոխադրումների ծավալն անցած տարվա համեմատ աճել է 12%-ով, բյուջետային աճը կազմել է 7%, հատկապես աճել են ուղևորափոխադրումները՝ 58%-ով և այլն։

Նա նշել է նաև, թե շատ ուրախալի է, որ աճել են շարժակազմի աշխատանքի բոլոր որակական ցուցանիշները։ Նրա խոսքերով՝ ընկերությունն առաջին անգամ մոտեցել է աշխատանքի արդյունավետության ցուցանիշներին։

Շևքետ Շայդուլինն ընդգծել է, որ «ՀԿԵ»-ին հաջողվել է իրականացնել բյուջետային շահույթի ծրագիրը, և բացի բեռնափոխադրումներից ու ուղևորափոխադրումներից ստացվող հիմնական մուտքերից՝ հայտնվել են նաև կողմնակի շահույթային մուտքեր, որոնք կազմել են մոտավորապես 750 մլն ռուբլի։

Նա նշել է նաև, որ ՓԲԸ-ն որպես սոցիալական ձեռնարկություն ևս վատ չի աշխատել, և անցած տարվա համեմատ ՀՀ բյուջե կատարած մուծումները մեծացել են 297%-ով։

-Ինը ամսում մենք Հայաստանի բյուջե 3 մլրդ 100 դրամ ենք վճարել,-նշել է նա։

Նա նշել է, որ ինը ամսվա կտրվածքով ծրագրային կորուստը, այդուհանդերձ, 1,5 մլրդ դրամ է կազմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը