Լրահոս

07.10.2010 16:27


Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ստեղծված իրավիճակից դժգոհում են

Գյումրիում այսօր կայացել է հերթական «Էքսպո-2010» աշնանային ցուցահանդես-վաճառքը, որին մասնակցում էին գործարարներ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից: Գործարարներ կային նաև Վրաստանից ու Ջավախքից: Ցուցահանդեսը փոքր գործարարի համար հնարավորություն է արտադրանքը լավագույնս ներկայացնելու, գովազդելու և նոր շուկաներ ձեռք բերելու համար:

Իսկ Հայաստանում շուկան արտադրողի համար շատ փոքր է: Քիչ թվով ձեռնարկատերեր հնարավորություն ունեն ապրանք արտահանելու երկրից, սակայն ասում են՝ չկան միջոցներ ու պետական օժանդակություն:

Բացի այդ, դժգոհում են հարկային վարչարարությունից ու բարձր տոկոսադրույքներով բիզնես-վարկերից:  Փոքր ու միջին գործարարության նկատմամբ կառավարության օժանդակության, նաև արտահանմանը նպաստելու վերաբերյալ Ամասիայի պանրագործարանի տնօրեն Նորայր Շաբոյանն ասել է.

-Այս հարցում պետությունը ձեռնպահ է մնում, հատկապես՝ արտահանման առումով: Այս տարի «Էլիոնոր» տեսակի պանրից 40 տոննայի պատվեր կար Մոսկվայից, շատ էին խնդրում, որ արտահանենք, գոնե այդ առաջին խմբաքանակը: Մենք պայմաններից ելնելով՝ Մոսկվայի հետ պայմանագիր չկնքեցինք. շատ թանկ է նստում արտահանելը: Այս խնդիրը կառավարական մակարդակով պետք է լուծվի. եթե գյուղացին ԱԱՀ չի վճարում, ուրեմն թող բարի լինեն ԱԱՀ-ը մեր վրայից էդ չափով հանել: Այսինքն ստացվում է, որ գյուղացին չի վճարում, բայց նրա փոխարեն վճարում են: 1 կգ պանրի ԱԱՀ-ն մոտավորապես կազմում է 300 դրամ, իսկ այդ դեպքում գործարքը չի կայանում բարձր ԱԱՀ-ի պայմաններում:

Նորայր Շաբոյանը նաև նշել է, թե ինչու, իր կարծիքով, փոքր ու միջին բիզնեսը Հայստանում չի կայանում։

-Բիզնեսին խանգարողը օլիգարխներն են, օլիգարխներն աճում են սնկի պես: Իսկ փոքր գործարարներն իրենց միջոցներով հազիվ քաշ են գալիս: Չեն կարողանում հարստանալ, վերազինել տեխնիկասարքավորումները, նոր պայմանագրեր կնքել: Սրանք կապված են հենց օլիգարխների հետ. հենց օլիգարխիկ համակարգը վերանա, գործարարներն ավելի լավ կաշխատեն, և ավելի շատ աշխատատեղեր կլինեն-ասել է Ամասիայի պանրագործրանի տնօրենը:

Իսկ ահա Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի տնօրեն Հակոբ Աղաբայանը նշել է, որ ինքն այդպես էլ կառավարության հայտարարած հակաճգնաժամային վարկը չի ստացել՝ չնայած որ ծրագրում ընդգրկված է եղել։

«էդպես էլ էդ վարկը չստացա, ստիպված 22 տոկոս տոկոսադրույքով եմ վարկ վերցրել, որը վերադարձնելը շատ դժվար կլինի»,-ասել է Հոկոբ Աղաբայանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը