Մեկնաբանություն

07.02.2016 17:50


Երբ փչացնում է Արմեն Աշոտյանը

Երբ փչացնում է Արմեն Աշոտյանը

Հայաստանում գաղջ ու ցինիկ մթնոլորտ է։

Բա ինչպե՞ս այդպիսին չլինի, երբ Բաղրամյան փողոցի «հերոս» Արմեն Աշոտյանն իր հաղորդման հյուր է կանչում հին ու նոր կուսակցական դեմքերի ու նրանց հարցնում, թե արդյոք իշխանության դուդուկի տակ հաճախակի պարելով՝ իրենք չե՞ն վախենում հաճախորդ կոչվելուց։ Սրանք էլ, թե բա՝ չէ՛, չենք վախենում, քանզի ինչ անում ենք՝ հանուն հայրենիքի ենք անում։

Եվ դա այն դեպքում, երբ Աշոտյանն էլ, հաճախորդներն էլ գիտեն, թե ով ով է։ Եվ ամենակարևորը՝ հանրությունն էլ արդեն անգիր գիտի հաճախորդներին էլ, դրանց տիրոջն էլ, ազնիվ քյարփինջներին էլ, մյուսներին էլ։

Ահա այս պայմաններում են «մարդակենտրոն» Սահմանադրության շրջանակներում դաշնակցական վերանախվին «երկխոսացնելու»։

Նողկալին այն է, որ տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության հարցում ՀՅԴ–ականները դարձել են Սերժ Սարգսյանի փաստաբանները, և իրենք իրենց ու ՀՀ քաղաքացիներին ուզում են համոզել, թե, իբր, հայ–թուրքական արձանագրություններն արդեն չկան, կամ էլ՝ հեսա–հեսա չեն լինելու, այնպես որ, կոալիցիա կազմելու որևէ խոչընդոտ իրենք չունեն։

Փաստորեն, հանուն պաշտոնի՝ ՀՅԴ–ում հիմա ուս ուսի են տալու այն Նալբանդյանի հետ, ում հրաժարականն էին պահանջում։ Թեև պետք է նշել, որ Նալբանդյանի հետ նրանք շուտվանից էին ուս ուսի, ավելի ճիշտ՝ ղեկավար–ենթակա հարաբերությունների մեջ, երբ համաձայնեցին դեսպանի ու հյուպատոսի պաշտոն «կպցնել»։

Հաճախորդացումը դաժան բան է։ Այնքան դաժան, որ ստիպված ես նույնիսկ Աշոտյանից փչանալ ու ծափահարել նրա ասածներին։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը