Լրահոս

08.10.2010 10:06


ԼՂՀ խորհրդարանի խոսնակը գնահատել է այցելությունն ԱՄՆ

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը գնահատել է այցելությունն ԱՄՆ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը անց է կացրել մամուլի ասուլիս ԼՂՀ խորհրդարանական պատվիրակության՝ Ամերիկայի Միացյալ Նահանագներ կատարած պաշտոնական այցի արդյունքներով:

Այցի արդյունքների կապակցությամբ իր գոհունակությունը հայտնելով՝ Աշոտ Ղուլյանը նշել է ԱՄՆ Կոնգրեսում ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումը:

«Մենք հնարավորություն ենք ունեցել խոսել նման կարևոր ատյանից և լսել կարևոր գնահատականներ անկախությանն ու ազատությանն ուղղված մեր ժողովրդի ձգտումների իրականացման վերաբերյալ»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Խոսնակն առանձնացրել է նաև Վաշինգտոնում տեղի ունեցած քաղաքական բնույթի հանդիպումները, մասնավորապես, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Հովարդ Բերմանի, կոնգրեսականներ Ջեքի Սպիերի և Սթիվեն Ռոթմանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադկեի հետ:

«Հանդիպման ընթացքում մենք շոշափել ենք մի շարք կարևոր ուղղություններ: Առաջին հերթին, դա քաղաքական օրակարգն է, որ իր մեջ ներառում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, մեր պատկերացումներն այն մասին, թե ինչ հունով են դրանք ընթանում և ինչ հեռանկարներ են խոստանում: Բոլոր հանդիպումներում, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել ԱՄՆ կողմից 1988թ-ից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող տնտեսական աջակցությանը: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային հարցերի, մասնավորապես, նորանկախ հանրապետությունների միջազգային ճանաչման հասնելու հարցի վերաբերյալ»,- ասել է Աշոտ Ղուլյանը:

Անդրադառնալով այցի հանդեպ պաշտոնական Բաքվի արձագանքին, խոսնակը նշել է.

«Մեզ համար անակնկալ  չէր ԱՄՆ կատարած մեր այցին Ադրբեջանի իշխանությունների արձագանքը: Մենք բոլորս տեսնում ենք, հատկապես վերջին տարիներին, որ Ադրբեջանը ամեն ինչ փորձում է անել ԼՂՀ կապերը, հաղորդակցությունը արտասահմանի, միջազգային կազմակերպությունների հետ սահմանափակելու համար: Այս ամենը զավեշտախաղ է հիշեցնում: Բավական չէ, որ Ադրբեջանում փորձում են սեփական հասարակության մոտ սխալ կարծիք ստեղծել այն մասին, որ Ղարաբաղը որևէ իրավունք չունի հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, դեռ փորձում են այդ կարծիքը պարտադրել նաև արտասահմանյան պաշտոնական շրջանակներին, միջազգային կազմակերպությունններին, հասարակական հատվածին: Պատասխան քայլը պետք է լինի մեր գործողությունների ակտիվացումը, առաջին հերթին, այն երկրներում, որոնք իրենց մանդատով զբաղվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ»:

ԼՂՀ պատվիրակության կազմում էին նաև ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Ղազարյանը և Միացյալ Նահանգներում նրանց միացած ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը