Մեկնաբանություն

12.02.2016 13:33


ՀՅԴ–ին «ամուսնությունից» առաջ «փչացնում» են

ՀՅԴ–ին «ամուսնությունից» առաջ «փչացնում» են

Պատկերացնո՞ւմ եք մի վիճակ, երբ ամուսնության օրը փեսայի հարազատները տարածեն, թե իրենց հարսը «դուրս ընկածի» մեկն է, ու միայն փողի համար է իրենց տղայի հետ ամուսնանում, և չի բացառվում, որ ամուսնությունը չկայանա։ Չեք պատկերացնում, չէ՞։

Դե հիմա պատկերացրեք, որ նման մի բան էլ տեղի է ունենում ՀՀԿ–ՀՅԴ, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյան–Հրանտ Մարգարյան կոալիցիա կազմելու մասին հայտարարությունից մի քանի ժամ առաջ։

Դաշնակցական Աղվան Վարդանյանը նյարդային արձագանք է տվել այն հրապարակմանը, թե ՀՅԴ–ում երեկ պաշտոնների բաժանման ու կադրային հարցերում այնքան թեժ կռիվ է գնացել, որ ստիպված զանգել են նախագահական ու ասել, որ կոալիցիան կարող է չլինել։ Նաև գրվել էր, որ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին որոշ դաշնակցականներ կասկածում են փողի դիմաց նախարարներ նշանակելու մեջ։

Դաշնակցական «Yerkir.am»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը այդ լուրերը «ծայրեծայր սուտ եւ հակադաշնակցական զառանցանք» է որակել:

«Օրը գալու է, չէ՞: Հետո ի՞նչ են ասելու: Թեեւ անբարոյականությունն անսահման է: Էլի կմարազմեն: Բայց, իրոք, կուզեի, որ մի լուրջ վերլուծաբան քններ ԶԼՄ-ի վերջին շրջանի` Դաշնակցության մասին նյութերը: Վստահ եմ՝ ակնհայտ կդառնար, թե որտեղից են սնվում մի քանի լրատվամիջոցների (թերթ ու կայք) թաքուն ու բացահայտ տերերը: Նաեւ պարզ կդառնար, թե ում ձեռնտու չէ Հայաստանում Դաշնակցության ազդեցության մեծացումը»,- ասել է Վարդանյանը։

Մի կողմ թողնելով այն, որ ՀՅԴ–ին ուղղված քննադատության հիմնական պատճառը հենց ՀՅԴ–ն է, որն առևտրի առարկա է դարձրել ամեն ինչ, նկատենք, որ Վարդանյանն իր մուննաթը տվյալ նյութերի հետ կապված պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանին, քանզի իր կողմից ծայրեծայր սուտ և հակադաշնակցական զառանցանք որակված լուրը տպվել է «1in.am»–ում, որը վաղուց բացահայտված հաճախորդ լրատվամիջոց է և Բաղրամյան 26–ի քարոզչագործիք։ Այսինքն՝ ՀՅԴ–ի դեմ «ծայրեծայր սուտ» է գրել «բեզ պիծի մինուտ» կոալիցիոն գործընկերը։

Դա ՀՀԿ ղեկավարի ոճն է՝ «երկխոսացնել» և զուգահեռաբար «փչացնել»։ Այնպես որ, ՀՅԴ–ում պետք է համակերպվեն այդ փաստի հետ. ինչո՞վ են Արտաշես Գեղամյանից լավը։ Եթե որոշել են Սերժ Սարգսյանի ծրագրերին ծառայելու դիմաց պաշտոններ և ընտրակեղծիքներ անելու հնարավորություններ ստանալ, ապա թող չնեղանան, որ իրենց «դիշովկա» է հանելու նույն Սերժ Սարգսյանի մամուլը, քանզի դա է ժանրի կանոնը։

Ինչ վերաբերում է հետագային, ապա ՀՅԴ–ին «փչացնելու» են ներսից ու դրսից։ Ներսից՝ Սերժ Սարգսյանին սատարող լրատվամիջոցները, դրսից՝ իրապես անկախ լրատվամիջոցները, ու ամենակարևորը՝ Հայաստանի հանրության ճնշող մեծամասնությունը։

Սամվել Խաչագողյան

Հ.Գ.։ Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը դիտմամբ է իր ամենահիմնական քարոզչագործիքներից մեկով «փչացնում» ՀՅԴ–ին, որպեսզի սրանց մոտ մի քիչ թասիբ արթնանա, ու գործարքը, ինչ–ինչ հաշվարկներից ելնելով, «փոզմիշ լինի» (միայն մանկապարտեզի երեխաները և կատարյալ անմեղսունակները չգիտեն, որ «1in.am»–ը Բ26–ի ոչ պաշտոնական խոսափողն է)։ Սակայն դատելով ՀՅԴ վերնախավում տիրող տրամադրություններից՝ նրանց ոչ մի բան, բացի աթոռից, չի հետաքրքրում։

Հ.Գ.–2։ Հոդվածն արդեն հրապարակվել էր, երբ հայտնի դարձավ, որ այսօր տեղի չի ունենալու ՀՅԴ–ՀՀԿ կոալիցիոն հուշագրի ստորագրումը։

Ս. Սարգսյանի մամլո խոսնակը հայտարարել է, որ այսօր այլ թեմայով է հանդիպում կազմակերպվել նախագահական նստավայրում։

Փաստորեն, ՀՅԴ–ին տանջում են, պաուզան ձգում են, որ հետո նոր միայն պաշտոն տան կամ չտան։

Այս խորագրի վերջին նյութերը