Մեկնաբանություն

15.02.2016 12:36


Հալեպն ու Հայաստանի ճակատագիրը

Հալեպն ու Հայաստանի ճակատագիրը

Մինչ Հայաստանում զբաղված են արևելյան շուկա հիշեցնող քաղաքական առևտրով ու պաշտոնների բաժանման հույժ կարևոր գործով, սիրիական Հալեպում, այլ հարցերից զատ, վճռվում է նաև Հայաստանի ճակատագիրը։

Ռուսական ավիաուժերի գործուն աջակցությամբ՝ Սիրիայի նախագահ Ասադին հաջողվել է շրջափակման մեջ առնել Հալեպը։ Կառավարական զորքը հիմա պատրաստվում է հակաասադական ուժերից ու ահաբեկչական տարբեր խմբավորումներից («Ջեբհաթ ան Նուսրա», «Ջեյշ ալ Իսլամ», «Ահրար աշ Շամ» և այլն) «մաքրել» Հալեպի արևելյան հատվածները և քաղաքն ամբողջությամբ վերցնել վերահսկողության տակ։ Դա լուրջ բեկում կմտցնի Սիրիայում՝ ուժերի հաշվեկշիռը փոխելով հօգուտ Ասադի գլխավորած ալավինների և նրանց աջակցող ՌԴ–ի, Իրանի ու լիբանանյան «Հըզբոլլահի»։

Հալեպում ռուս–շիական դաշինքի հաղթանակն ամբողջությամբ կտապալի ԱՄՆ–ի գլխավորած արևմտյան ուժերի՝ Ասադին հեռացնելու ծրագիրը։ Նաև ջուրը կլցվեն Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի՝ տարիներով վարած քաղաքականության արդյունքները։

Սիրիայում թուրքական քաղաքականությունը պատին է դեմ առնում նաև քրդական գործոնի պատճառով։ Պաշտոնական Անկարան ամեն ինչ անում է, որպեսզի թույլ չտա ինքնավարության կարգավիճակ ունեցող Սիրիական Քրդստան, կամ որ ավելի վատ է՝ քրդական պետություն։

Թուրքիան արդեն իսկ սկսել է հրետակոծման ենթարկել Սիրիայի քրդական բնակավայրերը և սպառնում է ցամաքային զորք մտցնել Սիրիա՝ իր կենսական շահերը պաշտպանելու համար։

Թուրքիայում շատ լավ հասկանում են, որ Սիրիական Քրդստանը բերելու է Թուրքիայի տարածքային ամբողջականության փլուզման։ Հասկանում են և համընդհանուր պատերազմ են հայտարարել ոչ միայն սիրիական քրդերին, այլ նաև Թուրքիայի արևմտյան հատվածում հոծ բնակեցված քրդերին։

Եթե Թուրքիան որոշի ցամաքային զորք մտցնել Սիրիա և աջակցել Հալեպի հակաասադական ուժերին, ապա դա կբերի ռուս–թուրքական ավելի մեծ լարվածության, որը, ամենայն հավանականությամբ, կվերաճի ռուս–թուրքական գլոբալ պատերազմի՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։

Հասկանալի է, որ այս ամենն առնչվում է նաև Հայաստանին։ Նախ ռազմական գործողությունների թատերաբեմը մեզանից հեռու է ընդամենը 300 կիլոմետրով (ոմանց համար Սիրիայում տեղի ունեցողը լուրերի թողարկումներում հայտնվող տեսաշարային բան է, որն ինչ–որ շատ հեռու տեղում է կատարվում)։

Բացի այդ՝ ռուս–թուրքական բախումը կարող է պատճառ դառնալ ինչպես Հայաստանի ու Թուրքիայի սահմանագծում տարբեր միջադեպերի, որոնք անկանխատեսելի զարգացումների կարող են բերել, այնպես էլ Ադրբեջանի հնարավոր ռազմական արկածախնդրության համար։

Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր տիպի սցենարներին։ Իշխանական վերնախավում, սակայն, միայն մեկ սցենարի են պատրաստվում՝ վերարտադրման։ Մնացած հարցերը մատնված են ինքնահոսի։

Այսպիսի ցածրակարգ քաղաքական իշխանությամբ ու մանր առևտրականի հոգեբանությամբ հաճախորդներով լեցուն քաղաքական դաշտի պարագայում Հայաստանին բացասական զարգացումներից կարող է հեռու պահել միայն պատահականությունը, կամ էլ՝ Հայաստանի հանրության գիտակցված ընտրությունը՝ գնալ քաղաքական փոփոխությունների և ձևավորել քաղաքական նոր վերնախավ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը