Լրահոս

16.02.2016 12:52


Իրանի առողջապահության ոլորտի մասնագետները Հայաստանում են

Իրանի առողջապահության ոլորտի մասնագետները Հայաստանում են

Հայ-իրանական համագործակցությունն առողջապահության ոլորտում սերտացնելու նպատակով Հայաստան է ժամանել Իրանի առողջապահության նախարարի տեղակալ Ռասոուլ Դինարվանդիի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են անվանի մասնագետներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Հայաստան է ժամանել նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը:

Արմեն Մուրադյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, նշեց, որ Հայաստանը և Իրանը հաջողությամբ համագործակցում են նաև միջկառավարական հանձնաժողովի շրջանակում:

«Ուրախ եմ ողջունելու Ձեզ Հայաստանում և գոհունակություն եմ հայտնում առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության համար: Մոտ երկու ամիս է անցել մեր պատվիրակության Իրան կատարած այցից, որը թույլ տվեց ամրապնդել երկկողմ գործընկերային կապերը և կնքել նոր համագործակցության համաձայնագիր՝ գործնական նոր հեռանկարներով»,- ասաց նախարարը` կարևորելով փոխայցելությունները:

Համաձայնագրի շրջանակում երկու կողմերը ստեղծել են աշխատանքային խմբեր՝ առողջապահության նախարարների տեղակալների մակարդակով:

«Վստահ ենք, որ հայ գործընկերների հետ Ձեր բանակցությունները դրական արդյունք կունենան՝ ի օգուտ մեր ժողովուրդների առողջության»,- ընդգծեց նախարարը:

Ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում երկու կողմերի միջև կազմակերպվել են բազմաթիվ փոխայցելություններ` մասնագիտական փորձի փոխանակման նպատակով, պարբերաբար իրականացվել է հիգիենիկ համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվության փոխտրամադրում և փոխօգնություն:

Իրանի առողջապահության նախարարի տեղակալի Ռասոուլ Դինարվանդիի խոսքով՝ իրենց երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ առողջապահության ոլորտում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ:

«Մենք ցանկանում ենք առողջապահության ոլորտում օգտագործել բոլոր հնարավորություններն առավել արդյունավետ համագործակցելու համար»,- ասաց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ իրանական մասնավոր հատվածը հետաքրքրված է մեր երկրում ներդրումներ կատարելու, մասնավորապես` բժշկական կենտրոն ստեղծելու նախաձեռնությամբ: Որպես համագործակցության լայն հնարավորություն ընձեռող ոլորտ՝ առանձնացվեց նաև դեղարտադրությունը: Քննարկվեցին դեղերի արտադրության առաջավոր մեթոդների և տեխնոլոգիաների զարգացմանը, ներմուծման և արտահանման խթանմանը, փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ մարզեր, ինչպես նաև հայաստանյան դեղարտադրող խոշոր կազմակերպություններ:

Հիշեցնենք, որ 2015թ. դեկտեմբերին Թեհրան կատարած այցի շրջանակում ստորագրվել է «Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Փաստաթուղթը նպաստում է Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների միջև համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև բնակչության առողջության բարելավմանը:

ՀՀ ԱՆ

Այս խորագրի վերջին նյութերը