Մեկնաբանություն

17.02.2016 11:40


Ինչ է լինում, երբ ոչինչ չեն անում. Հայաստանը՝ գազի տարանցիկ երկիր

Ինչ է լինում, երբ ոչինչ չեն անում. Հայաստանը՝ գազի տարանցիկ երկիր

Իրանում էր Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն։ Նա բանակցում էր իրանական գազի տարանցման խնդիրների շուրջ։

Արդեն տեղեկություններ կան, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանից գազը Հայաստանով դեպի Վրաստան արտահանելու մասին։ Փաստորեն, Վրաստանի, ՌԴ–ի և Իրանի միջև ընթացող տևական բանակցությունները տվեցին իրենց արդյունքները, որոնք ձեռնտու են նաև Հայաստանին։

Ուշագրավն այն է, որ Հայաստանն այս գործընթացում ունեցել է գրեթե զրոյական մասնակցություն։ Փոխարենը՝ ակտիվորեն աշխատում էր Ալիևը, բայց նրա ջանքերը չէին կարող արդյունք տալ օբյեկտիվ պատճառներով։

Ռուս–թուրքական լարվածությունը ստիպել է Մոսկվային որոշակիորեն սառեցնել Բաքվի հետ հարաբերությունները և վերանայել իր մոտեցումները Թուրքիա եղբայրական պետության հետ։

Իրանը նույնպես մրցում է Թուրքիայի հետ Սիրիայի տարածքում ու հաստատ չէր ուզենա Թուրքիայի հետ եղբայրական կապերի մեջ գտնվող Ադրբեջանին դարձնել իր գազի տարանցման գոտի, հատկապես որ այդ երկրները գազի հարցում մրցակիցներ են։ Բացի այդ՝ Նարդարանում Ալիևն ուժով ճնշեց շիական շրջանակներին (Իրանն անթաքույց ուզում էր իշխանափոխություն կազմակերպել առավելապես շիաներով բնակեցված Ադրբեջանում), ինչը չի ընդունվում Թեհրանում։

Այս ամենին գումարվեց նաև Վրաստանի իշխանությունների՝ թուրք–ադրբեջանական վտանգավոր կախվածությունից ազատվելու ռազմավարությունը։ Կախվածություն, որն առաջացել էր «արևմտամետ» Սահակաշվիլու նախագահության շրջանում։

Մի խոսքով, իրերի դրությունն այնպիսին էր, որ Հայաստանը նվեր ստացավ։ Այսինքն՝ մինչ հայաստանյան իշխանությունները զբաղված էին «հույժ կարևոր» «սահմանադրական» հեղաշրջման ու պաշտոնների բաժանման հարցերով, հօգուտ Հայաստանի՝ գործընթացներ տեղի ունեցան, այնինչ, եթե հանկարծ իրանական գազը շրջանցեր Հայաստանը, ապա դա մեծագույն հարված կլիներ մեր անվտանգությանը, բայց դա չէր հետաքրքրում միայն վերարտադրության խնդիրներով մտահոգված իշխանություններին։

Սա այն դեպքն է, երբ ՀՀ իշխանություններն իրենց «նախաձեռնողականությունը» չցուցաբերեցին, այսինքն՝ ոչինչ չարեցին։ Պարզվեց, որ դա ավելի լավ է Հայաստանի համար, քան երբ նրանք ինչ–որ բան են անում։

Եվ ուրեմն, հերքվում է տարիներ առաջ «դասականի» հայտնած այն մտքերից մեկը, թե չի սխալվում նա, ով ոչինչ չի անում։ Այս իշխանությունների պարագայում հակառակն է՝ նրանք պետք է ոչինչ չանեն, որ չսխալվեն ու գոնե վնաս չտան Հայաստանին։ Իրանից գազի արտահանման պատմությունն այդ դեպքերից է. ՀՀ իշխանությունների փոխարեն աշխատեցին վրացիները, ռուսներն ու պարսիկները։

Մնում է, որ ՀՀ քաղաքացին օգտվի այս ամենից, ու չստացվի այնպես, որ միայն մեկ ընտանիք շահի, ինչպես որ հաճախ է լինում մեզ մոտ։ Չէ՞ որ մենք փորձ ունենք, երբ գազը ՌԴ–ից հասնում է ՀՀ սահման մի գնով ու Հայաստանի ներսում կրկնակի թանկ գնով վաճառվում սպառողին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը