Լրահոս

08.10.2010 14:52


Գագիկ Մինասյան. «2011թ. հարկային հավաքագրումը կազմելու է 680 մլրդ դրամ»

Գագիկ Մինասյան. «2011թ. հարկային հավաքագրումը կազմելու է 680 մլրդ դրամ»

«Դուպլեքս» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասել էր, որ այս տարվա ընթացքում արտահանումը երկու անգամ ավելի բարձր տեմպով է աճում, քան ներմուծումը, և այդ դրական միտումը պահպանվելու է նաև եկող տարվա ընթացքում։

«7օր»-ի՝ ««Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը կխթանի՞ արտահանման աճը, թե ընդհակառակը՝ խոչընդոտներ կստեղծի» հարցին ի պատասխան՝ Գագիկ Մինասյանն ասել է, թե կա տրամաբանություն, որն իրականացվում է ճգնաժամային իրավիճակներում, և կա այդ ճգնաժամից դուրս գալու տրամաբանություն։

-Երբ մենք գտնվում էինք իսկապես ճգնաժամային տարում, մենք գնացինք աննախադեպ քայլերի՝ մեծացրեցինք մեր արտաքին պարտքը, գնացինք տնտեսության ուղղակի ֆինանսավորմանը իշխանության կողմից, չնայեցինք այն հանգամանքին, որ տարիներ շարունակ 3%-ից ավելի դեֆիցիտ չենք ունեցել, սակայն դա գալիս էր այդ ժամանակների տրամաբանությունից։ Այդ տրամաբանության մեջ էր մտնում նաև ներքին արտադրողին չափազանց մեծ խրախուսումը և մասնավորապես ալկոհոլային խմիչքների ոլորտում մենք գնացինք ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությանը։ Եթե խիստ մոտենանք այդ խնդրին, դա հակասում էր մեր ԱՀԿ-ի մեջ ընդունվելու ժամանակ դրված պարտավորույթուններին. այն է, որ մենք պետք է արտաքին և տեղական արտադրողների համար նույն տնտեսական չափանիշներն օգտագործենք, տարբերությունը պետք է լինի միայն մաքսատուրքը։ Ճգնաժամն ավարտվեց, և այն պրոտեկցիոնիստական քաղաքականությունը, որ իրականացնում էին տարբեր երկրներ, ավարտվեց,-ասել է Գագիկ Մինասյանը։

Նա նշել է, որ եթե այդ քաղաքականությունը շարունակվեր, ապա պետք է պատրաստ լինեինք, որ այլ երկրներ նման քաղաքականություն կիրականացնեն մեր կողմից արտահանվող գյուղատնտեսական ապրանքների, մասնավորապես գինու և կոնյակի վրա, ինչը շատ վտանգավոր հեռանկար է ակնկալում։ Նրա խոսքերով՝ այժմ աշխարհի բոլոր երկրները հասկանում են, որ տնտեսությունը պետք է զարգանա իր ներքին տրամաբանությամբ, որպեսզի արտաքին և՛ ապրանքաշրջանառության նպատակով հավասար պայմանների ապահովման հնարավորություն ստեղծվի, և՛ միաժամանակ կատարվեն ԱՀԿ պարտավորությունները, Հայաստանը պետք է վերադառնա նախկին պայմաններին։

-Մենք 100%-ով չենք վերադառնում նախկին պայմաններին, ունենք ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրություն, որը թույլ է տալիս որոշակի տարբերակված մոտեցում, և այս պարագայում ներմուծողների նկատմամաբ դրվում է որոշակի ֆիքսված գումար, որը 1 լիտրի սահմաններում շուրջ 120 դրամով ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում մեր տնտեսվարողների համար, քան ներմուծողների,-ասել է Գ.Մինասյանը։

Նա նաև նշել է, որ եկող տարի հարկային հավաքագրումը 680 մլրդ դրամ է կազմելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը