Լրահոս

17.02.2016 21:30


Համայնքային թանգարաններն այցելուներին շուտով կներկայանան բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Համայնքային թանգարաններն այցելուներին շուտով կներկայանան բոլորովին նոր մոտեցումներով ու գաղափարներով

Երևանում քաղաքապետարանի ենթակայության հինգ թանգարան է գործում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցը, Երևան քաղաքի պատմության, Ֆրիտյոֆ Նանսենի, Երևանի ժամանակակից արվեստի և Կարեն Դեմիրճյանի թանգարանները: Մշակութային այս օջախներում առկա հիմնախնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծմանը նպաստելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պատասխանատուները վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հովհաննիսյանի հետ միասին շրջայցեր են կատարել թանգարաններում:

Աշխատանքային քննարկումների ընթացքում վեր են հանվել այն բոլոր կարևոր խնդիրները, որոնք վերաբերում են թանգարանների գիտահետազոտական, կրթական, արտաքին կապերի, տնտեսական և այլ հարցերին:

Արվեստասեր հասարակությանը թանգարաններում առկա հարուստ ու ինքնատիպ հավաքածուն նորովի ներկայացնելու նպատակով կմշակվի հստակ քաղաքականություն, կներդրվեն նորագույն տեխնոլոգիաներ:

Հաշվի առնելով այն, որ այս տարի լրանում է Կարեն Դեմիրճյանի թանգարանի հիմնադրման 15-ամյակը, իսկ Երևան քաղաքի պատմության թանգարանն էլ կտոնի հիմնադրման 85-ամյակը, Ռուբեն Հովհաննիսյանը տնօրեններին առաջարկել է այս առումով ևս ներկայացնել նոր ու հետաքրքիր մտահղացումներ:

Հանդիպումների շրջանակում առանձնակի կարևորվել է նաև երևանյան թանգարանների ակտիվ մասնակցությունը մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնակատարությանը, ինչպես նաև Երևանում արդեն հաճելի ավանդույթ դարձած «Թանգարանների գիշեր» միջոցառմանը:

Երևանի քաղաքապետարան

Այս խորագրի վերջին նյութերը