Լրահոս

08.10.2010 14:53


Վահան Հովհաննիսյանը՝ կրկին սրբազան կովերի ու «պոնյածյաների» մասին

Վահան Հովհաննիսյանը՝ կրկին սրբազան կովերի ու «պոնյածյաների» մասին

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համամիտ չէ «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ հնչած՝ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի այն հայտարարությանը, թե չի կարելի օրվա կեսը մտածել «պո պոնյածի», օրվա մյուս կեսը՝ «պո զակոնու»:

-Ամբողջ խնդիրն այն է, որ մենք ուզում ենք, որ ամբողջ օրը օրենքով ապրվի, իսկ առաջարկը բերելու է նրան, որ 24 ժամ «պանյածյաներով» ենք ապրելու, ընդ որում՝ «պանյածյաները» փոխվելու են «պանյածյա» թելադրողների տվյալ պահի ցանկությունից։ Այսինքն՝ «պանյածյաների» տարբերությունն օրենքից ոչ մնայուն լինելու մեջ է, և մենք ընդհանրապես բացառում ենք նաև բացատրական այդ ոճը,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է Վահան Հովհաննիսյանը։

Նա պարզաբանել է նաև, թե ի՞նչ նկատի ուներ՝ հայտարարելով, թե հայ բիզնեսմենները սրբազան կով են, նրանց ձեռք տալ չի կարելի:

-2 իմաստով լավ չի հասկացվել իմ հայտարարությունը։ Մեկը հավանաբար կապված է որոշների կրթական ցենզի հետ։ Կան մարդիկ խորհրդարանում, որոնք կարծել են, թե դա վիրավորանք է և որ նկատի ունենք ինչ-որ խոշոր եղջերավոր անասունի։ Այնինչ բոլորվին էլ ո՛չ։ Խոսքը նրա մասին է, որ օրինակ 1 մլրդ բնակչություն կազմող հսկա մի ժողովուրդ կովերին համարում է սրբազան և թույլ չի տալիս նրանց ձեռք տալ, կպչել, հարվածել, առավել ևս՝ մորթել։ Երկրորդ սխալմունքը գալիս է նրանից, որ ես գործարարների մասին չէ, որ ասել եմ, այլ որ գործարարների մեջ կան այնպիսի՛ք, որոնք սրբազան կովեր են։ Ոչ թե բոլորը։ Բոլորին այնպես են խեղդում, որ ինչ կով, ինչ բան,-ասել է Վ. Հովհաննիսյանը։-Եվ երբ փորձում ես վերլուծել, թե դա որ տեսակն է, դրանք հիմնականում ներկրողներն են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը