Մեկնաբանություն

18.02.2016 11:40


Ուկրաինական «Մայդանը» և հայ «արևմտամետները»

Ուկրաինական «Մայդանը» և հայ «արևմտամետները»

Ուկրաինայում կառավարական քաոս է։ Հերթական «Մայդանից» երեք տարի անց այդ երկրի ՀՆԱ–ն կրճատվել է ավելի քան 2 անգամ։ Աղքատությունը համատարած է։ Վերջը չի երևում։

Սա այն գինն է, որը վճարեց ու դեռ շարունակելու է վճարել Ուկրաինան արտաքին կողմնորոշման քաղաքականություն ընտրելու համար։

Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչ է ստացվում, երբ որևէ երկրի քաղաքական վերնախավ ներքին խնդիրների լուծումը պայմանավորում է արտաքին գծի ընտրության հետ և հույսը դնում դրսի «պապաների» վրա՝ փնտրելով ոչ թե դաշնակիցներ, այլ հովանավորներ։

Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը փտած ու կոռումպացված համակարգ էր ստեղծել, բայց նրա հարցերը լուծելու, արդյունավետ համակարգ ստեղծելու և ներքին հսկայական ռեսուրսներն օգտագործելու փոխարեն Ուկրաինայի ընդդիմադիր քաղաքական գործիչները փրկությունը տեսնում էին ամբողջությամբ Արևմուտքին տրվելու մեջ։ Ուկրաինացիներն էլ երեխայի պես հավատում էին այդ հեքիաթին։

Յանուկովիչը ո՛չ արևմտամետ էր, ո՛չ ռուսամետ։ Նա թալանչի էր։ Բայց երբ այդ թալանչին սկսեց ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագրի շուրջ բանակցել, նրա ընդդիմախոսները դա ողջունեցին, իսկ Արևմուտքն էլ աչք փակեց թալանչու արարքների վրա ու սկսեց սիլի–բիլի անել Յանուկովիչի հետ։

ԵՄ–ի հետ ասոցացումն իրականում հակառուսական նախագիծ էր, և կյանքը ցույց տվեց, որ դա հենց այդպես էլ կար, թեև սկզբում ամեն ինչ փորձում էին քողածածկել։

Այդ գաղափարի արևմտյան հեղինակները խնդիր էին դրել ոչ թե ԽՍՀՄ նախկին մի քանի հանրապետություններին ներառել ԵՄ կազմ, այլ դրանց դարձնել Ռուսաստանի դեմ օգտագործվող գործիք, կամ, այլ կերպ ասած, մանրադրամ։

Պարզ էր, որ եթե Ուկրաինան համաձայնում էր այդ դերին, ապա ՌԴ–ն պետք է իր շահերը պաշտպաներ։ Յանուկովիչի վրա արևելքից ճնշումներ կիրառվեցին, որի արդյունքում Յանուկովիչը հրաժարվեց ԵՄ–ի հետ ասոցացման պայմանագիր ստորագրելու խոստումից։ Արևմուտքի աջակցությունը ստացած «Մայդանը» դրանից հետո ուժով հեռացրեց նրան։ Ուկրաինացիները միամտաբար կարծում էին, թե այդպիսով իրենք գնալու էին դեպի պայծառ ապագա, քանզի Արևմուտքն իրենց կաջակցի։

Արևմուտքը, բնականաբար, չաջակցեց։ Արևմուտքը կթու կով չի, որ աջակցի։ Արևմուտքն ինքն է, պատկերավոր ասած, սատկած էշ ման գալիս, որ նալերը հանի։ Էլ ուր մնաց, թե քառասուն միլիոնանոց Ուկրաինային սկսեր կերակրել։

Եթե ինքդ քեզ չես աջակցում, ապա ոչ մի դրսի «պապա» կամ «մամա» չի աջակցի։ Եվ ինչո՞ւ պետք է աջակցի։

Մի խոսքով, արտաքին քաղաքական կողմնորոշման քաղաքականության գինն Ուկրաինայի համար շատ թանկ նստեց։ Ղրիմը կորած է։ Դոնեցկում և Լուգանսկում վերահսկողություն չկա, և եղբայրասպան պատերազմ է, երկիրը կառավարվում է ԱՄՆ փոխնախագահի զանգերի միջոցով, տնտեսությունը քայքայված է, և պետական կառավարման համակարգում «բարդակ» է։

Օլիգարխ Յանուկովիչի դեմ էին պայքարում, բայց հիմա իշխանության է եկել օլիգարխ Պորոշենկոն, ով հիմա պայքարում է «մայդանային» հերոսներից հանդիսացող վարչապետ Յացենյուկի դեմ (սա օլիգարխներ Ախմետովի և Կոլոմոյսկու դրածոն է), սակայն չի կարողանում։ Այսինքն՝ Ուկրաինայում հիմա երկու թալանչիական խմբերի կռիվ է գնում հանուն իշխանության։ Ուկրաինայի քաղաքացու խնդիրները, բնականաբար, ոչ մի խմբի չեն հետաքրքրում։ Ի դեպ, Յանուկովիչի գլխավորած թալանչիական խումբը սրանց համեմատ օրինականության խորհրդանիշ էր։

Օդեսսայի օդիոզ նահանգապետ և հայ «արևմտամետների» սիրելի Սահակաշվիլին երեկ հայտարարել է, որ Յացենյուկի մնալը վարչապետի պաշտոնում նշանակում է օլիգարխիկ հեղաշրջում։ Մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում նա պետք է հայտարարեր, որ Ուկրաինայում թալանչիների մի խումբը չկարողացավ վարչապետի պաշտոնից հեռացնել թալանչիների մյուս խմբին, ու քանի որ ինքը թալանչիների առաջին խմբում է գտնվում, ուստի համարում է, որ տեղի է ունեցել օլիգարխիկ հեղաշրջում։

Հայ «արևմտամետների» ուկրաինական դասերը

Տեղին է հիշելը, որ հայ «արևտմամետներն» էլ են սիրում Հայաստանի ներքին խնդիրների լուծումը կապել արտաքին կողմնորոշման հետ։ Փաստորեն, սրանք էլ են ուզում Արևմուտքի ձեռքում մանրադրամ դառնալ՝ հանուն «համաշխարհային արևմտամետ ինտերնացիոնալի»։

Ոմանք նույնիսկ անկեղծանում ու հայտարարում են, որ եթե ԵՄ–ի հետ ասոցացվելու գինը Ղարաբաղի կորուստն է, ապա պետք է վճարել այդ գինը։

Ուկրաինայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի հակապետական մոտեցում է արտաքին կողմնորոշումը, երբ ներքին խնդիրներիդ լուծման հույսը կապում ես դրսի հետ։

Չի՛ կարելի շփոթել արժեքները և աշխարհաքաղաքականությունը։ Արևմտյան (համամարդկային) արժեքներն այլընտրանք չունեն, սակայն դա որևէ կապ չունի արտաքին ռազմաքաղաքական կողմնորոշման հետ։ Պետք է ոչ թե արևմտամետ, իրանամետ կամ ռուսամետ լինել, այլ հայաստանակենտրոն մտածողություն ունենալ։

«Մետությամբ» տառապողներն իրականում «գեղցիներ» են, որոնց թվում է, որ եթե մի երկու բառ անգլերեն կամ ռուսերեն գիտեն, դրսերում սեմինար–մեմինարի են մասնակցել, ցերեկները «լանչ» են արել և գիտեն փողկապը կապելու ձևը, ապա առաջադեմ են։ Դա այդպես չէ։

Իրականում պայմանական «չոլբուլաղցի Տոլիկը» շատ ավելի առաջադեմ է, քան իրեն «պռադվինուտի» համարող անհայրենիք ու ժելեոտած մազերով «մետիստը»։ Բայց խնդիրն այն է, որ Տոլիկի ու «մետիստի» մեջ չպետք է ընտրություն կատարել։ Դա կեղծ ընտրություն է և կեղծ հակադրություն, քանզի մեր հասարակությունը բաղկացած չէ տոլիկներից ու «մետիստներից»։ Վերջիններս դիշովկեք են, իսկ տոլիկները՝ անկապ ու, մեծ հաշվով, անշառ դեմքեր, որոնց հենց տեղը դնես, գլուխները կախ կմնան իրենց տարածքում, այլ ոչ թե կհայտնվեն իշխող ուժի համամասնական ցուցակում՝ Շմայսի ու «ժելեոտածի» կողքին (Սերժ Սարգսյանի թիմում ամեն տեսակի «կենդանի» կա)։

Հիմա տոլիկներին ուզում են «մետիստներն» օգտագործել ու հետո «քցել», որպեսզի Հայաստանը դարձնեն աշխարհաքաղաքական մանրադրամ՝ ձեռքի հետ թալանելով Հայաստանի տնտեսությունն ու «արևմտամետ» ձևակերպումներով «ատկատահան անել» պետական բյուջեն։

Եզրակացությունը մեկն է՝ արտաքին կողմնորոշման քաղաքականությունը կործանարար է։ Ապացույցն ուկրաինական զարգացումներն են։ Պետք է, հետևաբար, ձերբազատվել արտաքին խնամակալներ փնտրելու մոտեցումներից և սեփական ուժերով լուծել սեփական խնդիրները։

Արտաքին կողմնորոշման կողմնակիցներն, ըստ էության, գործող իշխանության անուղղակի պաշտպաններն են, քանզի ՀՀ քաղաքացուն առաջարկում են վերացական երևույթների դեմ պայքարել կամ կողմ լինել ինչ–որ վեկտորների, մինչդեռ խնդիրները ներսում են։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը