Լրահոս

08.10.2010 15:18


Աշոտ Մելիքյան. «Քաղաքական ուժերի հանդեպ ԶԼՄ–ները խտրական վերաբերմունք ունեն»

Աշոտ Մելիքյան. «Քաղաքական ուժերի հանդեպ ԶԼՄ–ները խտրական վերաբերմունք ունեն»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» երրորդ եռամսյակային ելույթը՝ հայտարարել է, թե հուլիս-սեպտեմբեր ամիսներին շատ ուրախալի փաստ է գրանցվել։

-Այս եռամսյակում Հայաստանում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների ոչ մի դեպք չի գրանցվել։ Որևէ եռամսյակ չէր եղել, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություններ չլինեին։ Օրինակ առաջին եռամսյակում 5 դեպք էր գրանցվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 3 դեպք։ Նշեմ, որ անցած տարի նույն ժամանակշրջանում գոնե մեկ դեպք գրանցվել էր։ Սա աննախադեպ երևույթ  է ոչ միայն այս տարվա համար, այլև վերջին տարիների համար։ Տա Աստված՝ այսպես էլ շարունակվի,-նշել  նա։

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ նվազել են նաև տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը։

-Եթե առաջին եռամսյակում 6 դեպք էր արձանագրվել, իսկ երկրորդ եռամսյակում՝ 5, ապա երրորդ եռմասկյակում 3 դեպք է  արձանագրվել։ Իսկ ինչ վերաբերում է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումներին, ապա այստեղ նույն քանակի դեպքեր են արձանագրվել։ Երկրորդ եռամսյակում էլ, երրորդում էլ 5 դեպք է գրանցվել,-հայտարարել է նա։

Ըստ Աշոտ Մելիքյանի՝ ԶԼՄ-ների, հատկապես հեռուստաընկերությունների վրա քաղաքական մեծ ազդեցություն կա։

-Քաղաքական միջավայրի ազդեցության  դրսևորում կարելի է համարել տարբեր քաղաքական ուժերի հանդեպ ԶԼՄ-ների խտրական վերաբերմունքը։ ԽԱՊԿ-ն իրականացրել է մամուլի ակումբներում քաղաքական և հասարակական գործիչների մամուլի ասուլիսների՝ հեռուստաեթերում լուսաբանման դիտարկում։ Ընդդիմադիր քաղաքական գործիչների ասուլիսներին հեռուստաընկերությունների ներկա չլինելու 7 դեպք է արձանագրվել։ Իսկ իշխանության ներկայացուցիչների ասուլիսներին առնվազն 5 հեռուստաընկերություն է ներկա լինում,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը