Մեկնաբանություն

19.02.2016 12:05


Փայ հակահեղափոխական դաշնակցություն

Փայ հակահեղափոխական դաշնակցություն

Նորանկախ Հայաստանում Հայ հեղափոխական դաշնակցության գործունեությունը և հատկապես վերջին շրջանում այդ ուժի պահվածքը ցույց են տալիս, որ պետք է տեղի ունենա անվանափոխություն։ Ճիշտ կլինի այդ ուժը կոչել Փայ հակահեղափոխական դաշնակցություն։ Քանզի «հին ընկերները» փայի համար պատրաստ են ամեն ինչի ու դեմ են հեղափոխությանը։

Պատճառը շատ պարզ է։ Դաշնակցական վերնախավին հետաքրքրում է միայն իշխանության փայը։ Մանր փայը, որի դիմաց իրենք կարող են բազմաթիվ ծառայություններ մատուցել փայ տվողին։

Դաշնակցությունն, իհարկե, Սաշիկ չէ, որ կարողանա հիսուն տոկոս փայ մտնել, բայց իր փայ աթոռները կարողանում է փախցնել։ Բայց դե, մյուս կողմից էլ պետք է նկատել, որ այն նախարարացուները, որոնք դաշնակցականի անվան տակ են աթոռ զբաղեցնելու, նույնքան դաշնակցական են, որքան Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ ՕԵԿ–ական կամ ԲՀԿ–ական։ Հատկապես Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը հոգով ու սրտով, նաև՝ իրենց տեսակով ՀՀԿ–ական են, ավելի ճիշտ՝ իշխանության կուսակցության անդամներ։ Վաղը այլ կուսակցություն կլինի իշխանության, այդ մարդիկ կփորձեն դառնալ այդ կուսակցության ոչ ֆորմալ անդամ։ Ասել է թե՝ Դաշնակցությունը՝ որպես կուսակցություն, այնքան էլ հաջող առևտուր չի արել. շահել են մի քանի հոգի՝ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ։ Շարքերին վերապահված է «ադաբրյամսի» գործառույթը։

Ու որպեսզի այս մանր առևտրին տրվի գաղափարական տեսք, հայտարարվում է, թե բա՝ հայ ժողովրդին հուզող հարցեր են լուծվելու, և այդ մասին հուշագիր է ստորագրվելու։

Փաստորեն, Փայ հակահեղափոխական դաշնակցությունն արդեն ընդունել է, որ պետք է տեղի ունենա գործող իշխանության վերարտադրություն, և իրենք այդ վերարտադրության մեջ իրենց տեղն են ուզում ունենալ։ Մնացածը խոսքեր են և էժանագին դեմագոգիա։ Նաև՝ թքածը լիզելու ակտ։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը