Լրահոս

21.02.2016 09:15


Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է, որը հռչակվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի կողմից 1999-ի նոյեմբերի 17-ին։ 2000 թվականից փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր:

Ամսաթիվը հռչակվել է ի հիշատակ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում 1952 թվականի փետրվարի 21-ի իրադարձությունների, երբ ոստիկանական փամփուշտներից զոհվեցին ուսանողներ, ովքեր ցույցի էին դուրս եկել՝ ի պաշտպանություն իրենց մայրենի բենգալերենի, որը պահանջում էին ճանաչել երկրի պետական լեզուներից մեկը։

Բանգլադեշը՝ որպես պետություն, ստեղծվել ու ճանաչվել է բոլորովին վերջերս՝ 1971թ.։ Մինչ այդ նշված տարածքն ու ժողովուրդը Պակիստան պետության մասն էին կազմում, որը Հնդկաստանից անջատվել էր անգլիացիների հեռանալուց հետո՝ 1947թ.։ Պակիստանի արևելյան և արևմտյան մասերում ապրում էին մշակույթով ու լեզվով միմյանցից հստակորեն տարբերվող երկու ժողովուրդ. Արևմտյան Պակիստանի ժողովուրդը խոսում էր ուրդու լեզվով, իսկ Արևելյան Պակիստանինը՝ բենգալերեն։ Պետության կազմավորումից հետո ուրդուն հաստատվում է որպես պետական լեզու, ինչն էլ հարուցում է արևելյան մասի բնակչության ընդվզումը։ 1952 թվականին բազմամարդ ցույցեր են տեղի ունենում, որոնց ճնշման ժամանակ էլ զոհվում են ուսանողները։
Բայց երիտասարդների զոհաբերությունն ապարդյուն չի լինում։ Ի վերջո, 1956 թ. բենգալերենը նույնպես պետական լեզվի կարգավիճակ է ձեռք բերում, իսկ ավելի ուշ Պակիստանից արևելյան հատվածն անկախանում է, ստեղծվում է Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը։ Բանգլադեշում փետրվարի 21-ը նշվում է որպես ազգային տոն։

Այս օրն առանձնահատուկ տեղ ունի նաև հայկական տոնացույցում։ Հայ ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն է ունեցել բոլոր ժամանակներում։ Այս օրն ուշադրությունը կենտրոնացվում է հայերենի նկատմամբ հարգանքի, նրա պահպանության, անաղարտության և տարբեր շերտերի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը