Լրահոս

22.02.2016 15:07


Մահացել է պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը

Մահացել է պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը

Այսօր առավոտյան 72 տարեկանում վախճանվել է պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը։

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում՝ Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ փրկված երզնկացի Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է նույն քաղաքի Վլ. Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո Պ.Հովհաննիսյանը, հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ ընտրելով հայոց պատմության ուսումնասիրության բնագավառը։ Ուսումնառության շրջանում նա զորակոչվում է բանակ եւ շուրջ 3 տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո շարունակում է ուսումը ու 1970 թ. ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին նա ընդունվում է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով եւ 1976 թ. հաջողությամբ պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը՝ պրոֆ. Ս.Պողոսյանի ղեկավարությամբ։ Այնուհետեւ աշխատում է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ, այժմ՝ պրոֆեսոր։ 2013 թ. մինչ օրս ղեկավարում էր ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։

Ընթերցող հասարակության մեծ մասին հայտնի են Պ.Հովհաննիսյանի հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին ՀՀ հանրագիտարանների եւ «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի բազմաթիվ հոդվածները։ Նա մի շարք գիտական խորհուրդների անդամ էր եւ գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում։

Իր գիտամանկավարժական գործունեության համար 2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Պ.Հ.Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

Այս խորագրի վերջին նյութերը