Լրահոս

08.10.2010 17:53


Հոկտեմբերի 10-ին պաշտոնական այցով Երևան կժամանի Սլովենիայի նախագահը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 10-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան կժամանի Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկը տիկնոջ' Բարբարա Միկլիչ Թյիրկի հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 11-ին Սլովենիայի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդ' Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այնուհետեւ Սլովենիայի Նախագահը կհյուրընկալվի ՀՀ Նախագահի նստավայրում, որտեղ նախատեսվում է Հայաստանի եւ Սլովենիայի Նախագահների առանձնազրույց, երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա նաեւ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Դանիլո Թյիրկը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Նույն օրը Սլովենիայի Նախագահը կայցելի Մատենադարան եւ Հայաստանի նկարիչների միություն: Այնուհետեւ Նախագահներ Դանիլո Թյիրկը եւ Սերժ Սարգսյանը կմասնակցեն հայ-սլովենական բիզնես ֆորումին:  

Հոկտեմբերի 11-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից' ի պատիվ Սլովենիայի Հանրապետության Նախագահ Դանիլո Թյիրկի եւ տիկին Բարբարա Միկլիչ Թյիրկի, կտրվի պաշտոնական ընթրիք:

Հոկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի նստավայրում Սլովենիայի Նախագահ Դանիլո Թյիրկն առանձնազրույց կունենա Սերժ Սարգսյանի հետ, որին կհաջորդի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Սլովենիայի Նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն կեզրափակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը