Մեկնաբանություն

23.02.2016 16:00


«Կայուն մեծամասնության» գործնական դրսևորումը

«Կայուն մեծամասնության» գործնական դրսևորումը

Շա՜տ «բախտավոր» տղա դուրս եկավ Արման Թաթոյանը: Նրան սիրեց թե՛ իշխանությունը եւ թե՛ «ընդդիմությունը»:

Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածության շուրջ «շահագրգիռ» քննարկումներն ու քվեարկությունը վերստին ապացուցեցին, որ այս երկրում, ավելի ճիշտ՝ խորհրդարանում, ընդդիմություն գրեթե չկա: Գոյություն չունի, ընկել է «հերոսի մահով»: Վա՛խ, վա՛խ, վա՛խ…

Իսկ իշխանական տարբեր գործիչներ ժամանակ առ ժամանակ լացակումած ասում են, թե մեզ շատ է պետք ուժեղ ընդդիմությունը, քանի որ դրանով մենք էլ ենք ուժեղանում: Սակայն, մյուս կողմից էլ, ՀՀԿ ղեկավարը «զրոներով» գնում է հավանական «ուժեղ ընդդիմությանը» կամ «ընդդիմադիր գործիչներին», որոնք արդեն առանց սեթեւեթելու, ավելորդ բացատրություններ տալու՝ հայտարարում են, որ ՄԻՊ պաշտոնի համար առաջադրած թեկնածուներից իրենց համար ամենանախընտրելին, սիրելին ու աննմանը հե՛նց իշխող ուժի թեկնածուն է: Անգամ ձեւականորեն չեն էլ ճվճվում, թե՝ ախր, ո՞նց կլինի առանց մրցակցության՝ մի թեկնածուով ընտրություն:

Հակառակը՝ «ընդդիմադիրներից» ոմանք դեռ մի բան էլ գովեցին ու ձոներգեցին Թաթոյան թեկնածուի «տպավորիչ ելույթն» ու հարցերին տրված նրա «սպառիչ պատասխանները»:

Մեկն էլ «քաղաքացիական պայմանագիր» կնքեց ՀՀԿ-ի թեկնածուի հետ: Սա այն դեպքում, երբ ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն իրենց ձայներով հանգիստ կարող էին ապահովել Թաթոյանի ընտրությունը (պահանջվում էր ընդամենը 79 ձայն): Բայց դե, «ինստիտուցիանալ ընդդիմությունը» եւ հարակից «թունդ ընդդիմադիրները» քոմակ կանգնեցին ուր որ է համագործակցության հուշագիր ստորագրող իշխող ուժին եւ ՀՅԴ-ին եւ «կողմ» ձայների թիվը հասցրին 96-ի՝ դրսեւորելով «Շատ ըլնի, քիչ չըլնի» հարազատական մոտեցում:

Դե, 2017-ը սարերի հետեւում չէ ու «ընդդիմադիր գործիչները» կրկին ուզում են հայտնվել խորհրդարանում, մանդատ ստանալ, իսկ ՀՀԿ ղեկավարին առանց նման ծառայություններ մատուցելու՝ չեն կարող: Ահա՛ այսպիսի հաճկատարություն:

Հո «ընդդիմություն» չի…Տվածուրիկ է, տվածուրիկ, որ ողջ տարին չարչրկում ու խոսում է «ժողովրդի անունից», բայց կարեւոր պահերին քվեարկում է իշխող ուժի, խորհրդարանական մեծամասնության կամոք ու ցանկությամբ:

«Կայուն մեծամասնություն» ասվածը հենց սա՛ է որ կա: Մենք էլ մտածում էինք՝ էդ ի՞նչ բան է:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը