Լրահոս

23.02.2016 16:03


Բաց նամակ Շնող գետի աղտոտման և Թեղուտում ստուգումների մասին

Բաց նամակ Շնող գետի աղտոտման և Թեղուտում ստուգումների մասին

Բաց նամակ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ Շնող գետի աղտոտումը ստուգելու և Թեղուտի հանքավայրում ստուգումներ անցկացնելու կապակցությամբ

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվական փետրվարի 8-ին հրապարակեց Թեղուտում կատարված նկարահանումներ և լուսանկարներ, որոնք վկայում են, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը կոպտորեն խախտել է բնապահպանական օրենսդրության նորմերը, ինչի հետևանքով հանքարդյունաբերական թափոնները հարակից գետ են թափվում: Ավելի ուշ՝ փետրվարի 18-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց Շնող գետի լուսանկարներ, որոնք կրկին վկայում են գետի՝ թափոններով աղտոտվածության մասին։
Նկարահանված տեսանյութը լայնորեն լուսաբանվել է էլեկտրոնային մամուլում, հատուկ հղում է կատարվել նաև Բնապահպանության նախարարությանը։

Մեզ հայտնի է, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ին ընդունված համ. 839-Ա և 2016թ. հունվարի 14-ին ընդունված համ. 43-Ա որոշումներով անհասկանալիորեն կասեցվել են ընդերքօգտագործման մի շարք օբյեկտներում, այդ թվում՝ Թեղուտի հանքավայրում բնապահպանական ստուգումներ անցկացնելու գործընթացները:
Այնուհանդերձ, ինչպես նշված է ՀՀ կառավարության ընդունած որոշումներում, ստուգումների կասեցման իրավական հիմքը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքն է: Միևնույն ժամանակ, «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն, Ձեր և Ձեր կողմից ղեկավարվող գերատեսչության անմիջական պարտականությունն է նախաձեռնել բնապահպանական տեսչական ստուգումներ, եթե առկա են նշված հոդվածով ամրագրված առանձնահատուկ դեպքերից որևէ մեկը, մասնավորապես՝

  • շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակները.
  • քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները.

Վերը նշված տեսանյութը վկայում է, որ առկա են «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավական հիմքերը:

Ակնհայտ է, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված համ. 839-Ա և համ. 43-Ա որոշումներում ներկայացված իրավական հիմքերը ՀՀ բնապահպանության նախարարությանը չեն կաշկանդում «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով սահմանված իրավական հիմքերով ստուգումներ իրականացնել: Ուստի խնդրում ենք օրենքով սահմանված՝ քաղաքացիների և կազմակերպությունների դիմում-բողոքներն ու հաղորդումները հիմք ընդունելով՝ Թեղուտի հանքավայրում, ինչպես նաև հարակից տարածքում և ջրային աղբյուրներում իրականացնել ստուգումներ և հրապարակել ստուգումների արդյունքները, քանի որ այդ հանքավայրի շահագործման ընթացքում առնվազն Շնող և Թեղուտ համայնքների համար առաջացել է շրջակա միջավայրին վտանգ սպառնացող արտակարգ և վթարային իրավիճակ:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը