Մեկնաբանություն

24.02.2016 00:43


Ում իրավունքներն է պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանը

Ում իրավունքներն է պաշտպանելու Մարդու իրավունքների պաշտպանը

Առաջին հայացքից կարող է պարզունակ թվալ այն հարցը, թե ում իրավունքներն է պաշտպանելու Մարդու իրավունքների նորանշանակ կամ նորընտիր պաշտպան Արման Թաթոյանը։

Նա պաշտպանելու է մարդու իրավունքները, բայց խնդիրն այն է, որ ՀՀ քաղաքացիներն էլ են մարդիկ, օտարերկրյա քաղաքացին էլ է մարդ, Սերժ Սարգսյանն էլ է մարդ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ է մարդ, նա, ում ոտքը տրորել էր Կարեն Անդրեասյանը, նույնպես մարդ է։

Կարեն Անդրեասյանի փորձը ցույց տվեց, որ անգամ իշխանական դաշտում հաստատված խաղի կանոնների շրջանակներում գործող չինովնիկն ապահովագրված չէ, և կարող է հեռացվել ցանկացած պահի։

Եվ ուրեմն, կրկին հարց է առաջանում՝ ո՞ւմ իրավունքներն է պաշտպանելու կամ ավելի ճիշտ՝ ո՞ւմ իրավունքները չի պաշտպանելու նոր ՄԻՊ–ը։

Արման Թաթոյանն ունի մեկնարկային և՛ լավ, և՛ վատ հնարավորություններ։

Լավն այն է, որ նա ֆորմալ առումով ունի լավ «CV»։ Դատելով ամենից՝ նորմալ կարողանում է խոսել: Միգուցե, նաև լավ մարդ է:

Բայց այս ամենը քիչ է ՄԻՊ լինելու համար: Հատկապես որ մեզանում գործող համակարգը լավ մարդկանց «փչացնելու» հատկություն ունի: Չկա մի դեպք, երբ լավ մարդը դրսից գալիս է, մտնում համակարգ ու ներսից բարեփոխում այն (նման բան միայն դաշնակցականները կարող են հայտարարել՝ այն էլ սեփական հաճախորդությունն արդարացնելու համար):

Թաթոյանն ունի գորշ չինովնիկի իմիջ. նա հայտնի չէ հանրությանը և մինչև ՄԻՊ դառնալն աչքի չի ընկել այդ ոլորտում, մինչդեռ հայտնիությունն ու հանրայնորեն ընդունելի լինելը օրենքի պահանջ են:

Թաթոյանը եղել է ենթակա և կատարող: Նրան ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է ՀՀԿ-ն, ավելի ճիշտ՝ ՀՀԿ ղեկավարը, իսկ դա արդեն լավ չէ:

Ս. Սարգսյանը սահմանադրական նորմ է դարձրել ՄԻՊ-ի և մի շարք այլ պաշտոնյաների քաղաքականապես զուսպ լինելու պահանջը: Թե ինչ է դա նշանակում գործնականում, դժվար է ասել: Օրինակ՝ եթե ընտրությունները կեղծվեն, ապա ՄԻՊ-ը պետք է չասի՞, որ կեղծվել են: Չէ՞ որ դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական անզուսպ կեցվածք, ինչպես որ Վերահսկիչ պալատի նախագահի՝ բյուջեն թալանելու մասին հայտարարությունը որակվեց այդպիսին: Կամ եթե տնտեսական դաշտում նկատվեն արհեստական կենտրոնացման միտումներ, ապա ՄԻՊ-ը չպե՞տք է հայտարարի, որ խախտվում են այլոց տնտեսական իրավունքները՝ հօգուտ Սերժ Սարգսյանի նեղ շրջապատի: Թե՞ դա նույնպես կորակվի որպես անզուսպ վարքագծի դրսևորում, և Թաթոյանն էլ կարժանանա Կարեն Անդրեասյանի ճակատագրին: Մի խոսքով ...

Պարզ է, որ Հայաստանում առկա քաղաքական ու տնտեսական հարաբերությունների պայմաններում դժվար է ՄԻՊ-ից ակնկալել էական դերակատարում: ՄԻՊ-ը կարող է արդյունավետ գործել միայն մրցակցային տնտեսաքաղաքական միջավայրում:

Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ Թաթոյանին նշանակողը ճիշտ հակառակ խնդիրն է ուզում լուծել՝ փորձելով ձևավորել միահեծան իշխանություն և ձգտելով կոլեկտիվ անպատասխաատվության մթնոլորտում սեփական շահն առաջ մղել:

Եթե Թաթոյանն այս ամենը չգիտի ու համաձայնել է ՄԻՊ դառնալ, ապա դա վատ է: Էլ ավելի վատ է, եթե լավատեղյակ լինելով եղած-չեղածից՝ Թաթոյանը համաձայնել է ՄԻՊ աշխատել:

Թե իրականում ինչպիսի ՄԻՊ կստացվի Թաթոյանից, դեռ վաղ է ասել: Կրկնենք՝ մեկնարկային վատ գործոններն ավելի շատ են, քան լավերը:

Սկզբի համար նա կարող է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի բարձրացրած հարցին՝ ապօրինի գաղտնալսումներին անդրադառնալ ու փորձել հրապարակայնացնել խնդիրը: Մնացածը ժամանակի ընթացքում կերևա:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը