Մեկնաբանություն

25.02.2016 10:35


ՀՅԴ-ի «Ցյուրիխյան ուրացումը» (տեսանյութ)

ՀՅԴ-ի «Ցյուրիխյան ուրացումը» (տեսանյութ)

2008թ. նախագահական «ընտրությունների» արդյունքում առաջացած ներքին լեգիտիմության լուրջ դեֆիցիտը լրացնելու համար Սերժ Սարգսյանը սեփականաշնորհեց «քիրվայական» դրոշն ու անցավ գործի: Հայ-թուրքական «Ֆուտբոլային» քաղաքականության միջոցով նա փորձեց արտաքին լեգիտիմություն ստանալ:

ՀՅԴ-ն, որ 2008-ին կոալիցիա էր մտել, 2009-ին դուրս եկավ կոալիցիայից՝ «Նախագա՛հ, մի՛ զիջիր» կարգախոսը շուրթերին:

Սերժ Սարգսյանը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, զիջեց՝ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները Ցյուրիխում:

Նորություն հայտնած չենք լինի, եթե նշենք, որ «Ֆուտբոլային» քաղաքականությունն այնքան հակապետական էր իր բնույթով, որ դրա հետևանքները մինչև հիմա զգացնել են տալիս ու դեռ տալու են:

Հայ-թուրքական արձանագրությունների արդյունքում Հայոց ցեղասպանության հարցը դարձավ պատմական հարթության վրա գտնվող միջպետական վեճի առարկա, կամ ավելի ճիշտ՝ առևտրի օբյեկտ: Բացի այդ՝ Անկարան կարողացավ Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծումը դարձնել սահմանները բացելու նախապայման:

Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորներն այդ փուլում դարձան թշնամական Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարները՝ իրենց հիմարությամբ և ագահությամբ:

Սերժ Սարգսյանը միայն որոշ ժամանակ անց հասկացավ, որ սխալվել է և փորձեց «հայրենասիրություն» խաղալ, բայց, միևնույն է, պաշտոնական Երևանի ստորագրությունը շարունակում է մնալ չարաբաստիկ արձանագրությունների տակ: Այսինքն՝ այս իշխանությունները բովանդակային առումով դեռ գտնվում են քիրվայական տիրույթում:

Ստորագրությունները մնացել են հայ-թուրքական արձանագրությունների տակ, բայց դա չխանգարեց Հայ հեղափոխական դաշնակցությանը, որին ավելի շատ սազում է Փայ հակահեղափոխական դաշնակցություն անունը, հարաբերությունների մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ: ՀոՀիԴա-ն, փաստորեն, պահանջում էր չզիջել, բայց ինքը զիջեց հայտարարված սկզբունքներն ու գաղափարները: Եվ հիմա հարց է առաջանում, թե ինչու:

Պատասխանը շատ պարզ է: ՀՅԴ վերնախավը թաթախված է քաղաքական կոռուպցիայի մեջ: Այնտեղ հավաքված են մանր առևտրականի հոգեբանությամբ մարդիկ: Ասել է թե՝ մանր-մունր փողեր հաշվել գիտեն: Հիմա սրանք հաշվել են, որ «հայրենասիրական» բիզնեսից ստացվող եկամուտը զգալիորեն զիջում է պաշտոններից ակնկալվող եկամտին: Հաշվել են ու տրվել Սերժ Սարգսյանին, ով խնդիր ունի կառավարման նոր համակարգում որոշակիորեն ապահովագրվելու «թիմակիցներից» և այդ իսկ պատճառով էլ վարչական լծակներով է օժտել ՀՅԴ-ին, որպեսզի սրանք ինչքան հնարավոր է՝ 2017-ին տոկոս «խփեն» և ապագայում «զապաս պագրիշկայի» դեր կատարեն ՀՀԿ ղեկավարի համար, եթե, իհարկե, հանրահայտ խիարը թարս չբուսնի:

«Հրանտ Մարգրայան & Co»-ն կուզենար, որ Սարգսյանը հետ վերցներ ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, որպեսզի իրենք կարողանային ձևականորեն ցույց տալ իրենց հավատարմությունը սկզբունքներին, սակայն Սարգսյանը նման հնարավորություն չտվեց իր «հին ընկերներին», քանզի ի թիվս այլ հարցերի՝ նպատակ ունի նաև «փչացնել» ՀՅԴ-ին ու այդ կառույցն ամբողջությամբ գեղամյանացնել՝ «Այդպես ավելի ապահով է» թեմայով:

ՀՅԴ-ում մի փոքր դիմադրեցին, բայց վերջում ստամոքսն ու բնազդն իրենցն արեցին: Ու հիմա տեղին է հիշեցնելը, թե ժամանակին ինչպես էր ՀՅԴ-ն այս կամ այն ուժին միանալ-չմիանալու հարցը պայմանավորում իր յոթ կետից բաղկացած պլատֆորմով, որտեղ կար հայ-թուրքական արձանագրություններից ՀՀ ստորագրությունը հետ կանչելու պահանջ: Հենց այդ պահանջի կատարման նախապայմանով էին դաշնակցականները պատրաստ համագործակցել: Գոնե այդպես էին հայտարարում և փորձում սկզբունքային ներկայանալ ինչպես 2013թ. նախագահական ընտրությունների փուլում «տակից» Սերժ Սարգսյանին պաշտպանելիս, այնպես էլ դրանից հետո (իշխանական հեռուստաալիքներից մեկին ամիսներ առաջ տված հարցազրույցում Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե այդ յոթ կետերը մեկ միասնություն են և դրանցից մեկի չկատարումը բացառում է ՀՀԿ-ի հետ իշխանություն կազմելը): Կյանքը ցույց տվեց, որ պլատֆորմն այդ ընդամենը առևտրային փաստաթուղթ էր: Հնարավորինս թանկ ծախվելու միջոց: Սարգսյանը, սակայն, մի քանի զրո իջեցրեց գինն ու ՀՅԴ-ին կարողացավ համահեղինակ դարձնել հայ-թուրքական արձանագրություններին:

Սարգսյանը շատ թանկ գին է վճարել հայ-թուրքական արձանագրությունների համար և ենթադրաբար ուզում է դրանք թանկ ծախել (Սարգսյանը հիշում է այդ թանկ գնի մասին ու պահանջում փոխհատուցում. գնորդներ նա դրսում է փնտրում): Ու եթե նա մի օր որոշի հետ կանչել ստորագրությունները, ապա ոչ թե ՀՅԴ-ի սկզբունքային ճնշման պատճառով, այլ հարմար գնորդ գտնելու դեպքում: Սարգսյանը գիտի, որ ՀՅԴ-ի համար դա բիզնեսի տարր է և չի ուզում ընդառաջ գնալ, հատկապես որ Փայ հակահեղափոխական դաշնակցականները մի քիչ չեմուչումից հետո մոռացան ամեն ինչ ու նետվեցին դեպի կերակրատաշտը: Ու հիմա ինչքան էլ «կրուտիտներ» անեն, թե բա՝ Սերժ Սարգսյանի ելույթից հետո ստորագրությունները համարյա հետ վերցրածի հաշիվ են, միևնույն է, Նալբանդյան Էդիկի թշիկները հակառակի մասին են վկայում:

Հարկ է, հետևաբար, արձանագրել, որ Արմեն Աշոտյանի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելով՝ ՀՅԴ-ն իր ստորագրությունն ավելացրեց 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների տակ: Դա այդ կառույցի «Ցյուրիխյան ուրացումն» էր:

Կարեն Հակոբջանյան

Ստորև ձեզ ենք ներկայացնում ՀՅԴ-ի անցած ուղին հայ-թուրքական արձանագրությունների «լույսի» ներքո:

Այս խորագրի վերջին նյութերը